Մատչելիության հղումներ

Արտգործնախարարը հակադարձում է Ադրբեջանի հայտարարություններին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններին:

Նալբանդյանին հարց ուղղեց Հանրապետական խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե հայկական կողմը պետք է Պաշտպանության բանակի ստորաբաժանումները դուրս բերի Ղարաբաղին հարակից տարածքներից, հարցրեց, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն հայտարարությունը, որ այդ հարցն այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ քննարկման առարկա է դարձել:

«Նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է համաձայնվի միջազգային հանրության առաջարկի հետ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հենց դրա մասին են գնում բանակցությունները, եւ Ադրբեջանի ղեկավարությունը իր հանրային կարծիքը պետք է պատրաստի հենց այս մտքի հետ», - պատասխանեց Նալբանդյանը:

Մելիքյանը հարց ուղղեց նաեւ Մամեդյարովի արտահայտած այն մտքի վերաբերյալ, թե Ադրբեջանը «ծիծաղելի» է համարում շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու հայկական կողմի առաջարկությունը, եւ որ նման հարց ընդհանրապես քննարկման չի կարող դրվել:

«Ինչ վերաբերում է, թե ինչի վրա են ծիծաղում կամ լաց լինում Ադրբեջանում, ապա չեմ կարծում, որ նույնպես ծիծաղելի լինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, [Մինսկի խմբի] եռանախագահող երկրների ղեկավարների կամ Եվրամիության ղեկավարության համար հենց իրենց կողմից հնչեցված առաջարկները, հայտարարությունները, արտահայտված մոտեցումներ ռազմատենչ հռետորության եւ կեցվածքի, հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, որ հենց իրենց կողմից այս առաջարկները ոչ միայն արհամարհվում են Ադրբեջանում, այլ նաեւ ծաղրանքի են ենթարկվում», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG