Մատչելիության հղումներ

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները


Հայաստանի Ազգային ժողովը այսօր քվեների 76 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ խմբակցության 4 առաջարկներից միայն մեկն է ընդունվել: Դաշնակցության առաջարկը վերաբերում էր ընտրություններին մասնակցողների թվի արձանագրմանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դաշնակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ասաց, թե Ընտրական օրենսգիրքը կրկին չի բացառում իշխանության վերարտադրությունը:

«Մեծամասնական ընտրակարգով 99 տոկոսով ընտրվում են միայն իշխանության մարդիկ, եւ դա պատահական չէ», - ասաց Ռուստամյանը:

Լրագրողները վկայակոչեցին Ռուբեն Հայրապետյանի պատգամավոր դառնալու օրինակը, հարցնելով, թե որքանո՞վ է արդյունավետ մեծամասնական ընտրակարգով նրա ընտրությունը:

«Շատ ճիշտ օրինակ է, բայց հենց դրանով է երկիրը զարգանում եւ հասունանում: Եթե Ռուբեն Հայրապետյանը իր ընտրողների համար լավագույն ընտրված պատգամավորը չէ, այդ դեպքում մյուս անգամ նրանք կընտրեն մեկ ուրիշի», - արձագանքեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական փոփոխություններից մեկը ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգն է: Ըստ Դավիթ Հարությունյանի` Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային հանձնաժողովները կուսակցական սկզբունքի փոխարեն այսուհետ գործելու են մասնագիտական մոդելով: Թեկնածուները հանձնաժողովի անդամ են նշանակվելու Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի եւ Վճռաբեկ դատարանի առաջարկով` Հայաստանի նախագահի հրամանագրով:

Արմեն Ռուստամյանը դժգոհ է, որ այս կարգը չի վերաբերում տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Նրա գնահատմամբ` իշխանություններին մանեւրելու հնարավորություն կընձեռի տեղամասային ընտրական հանձնաժողովների կուսակցականացված մոդելը:

«Որտեղ իբրեւ թե ներկայացված են քաղաքական ուժերը, բայց ոչ բալանսավորված ձեւով: Ստացվում է, որ պատասխանատվության ծագման դեպքում մեղքը բարդվելու է մասնակից կուսակցությունների վրա, իսկ որոշումների անաչառություն ապահովելու առումով որեւէ հնարավորություն նույն այդ կուսակցությունները չունեն, որովհետեւ հարաբերակցությունը 2-ը 6-ի ` հօգուտ իշխանության ներկայացուցիչների», - ասաց Ռուստամյանը:

Իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց կարծիքը հայտնեցին այն մասին, թե քաղաքական պատասխանատվություն ունեցող կոալիցիայի նախագծի ընդունման պարագայում ինչ որակի ընտրություններ կարելի է ակնկալել:

«Յուրաքանչյուր հասարակություն արժանի է այն ընտրություններին, ինչպիսին ինքն է: Իսկ մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որոնք թույլ չտան, որ այդ վտանգները ի հայտ գան: Ես ենթադրում եմ, որ հաջորդ ընտրությունները որակապես կունենան այլ մակարդակ», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Արմեն Ռուստամյանի համոզմամբ նոր որակի ընտրություններ ակնկալելու հիմքեր չկան:

«Իշխանությունները գերադասել են անել բազմաթիվ փոփոխություններ, ընդհանրապես գնացել են նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու ճանապարհով` ցույց տալու համար, որ արմատական փոփոխություններ են կատարում, բայց էական հարցերը մնում են չլուծված: Եվ, բնականաբար, վստահություն այդ առումով հասարակության մեջ չի կարող առաջանալ», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG