Մատչելիության հղումներ

Բոբ Դիլանի անվերջանալի հյուրախաղերը


ԱՄՆ -- Բոբ Դիլանը Գրինվուդում, Միսիսիպի, 1963
ԱՄՆ -- Բոբ Դիլանը Գրինվուդում, Միսիսիպի, 1963

Ամերիկացի մեծանուն երգիչ եւ երգահանն այսօր նշում է ծննդյան 70-ամյակը։

Եթե թվարկենք բոլոր այն կատարողներին, ովքեր ժամանակին խոստովանել են, որ իրենց վրա մեծ ազդեցություն է գործել Բոբ Դիլանը, կստացվի առասպելական ռոքերների մի սքանչելի աստղաբույլ։ Ջոն Լենոն, Փոլ ՄքՔարթնի, Փիթ Թաունշենդ, Նիլ Յանգ, Բրյուս Սփրինգսթին, Դեյվիդ Բոուի, Բրայան Ֆերրի, Նիք Քեյվ, Փաթի Սմիթ, Սիդ Բարրեթ, Թոմ Ուեյթս` ամերիկացի, կանադացի, բրիտանացի անվանի հարյուրավոր այլ կատարողներ։ Այս աստղերին բոլորին միասին կամ առանձին տեսնելը` ռոքասերի համար իսկական անկեղծ երջանկություն կլիներ։

Այդ բոլոր մարդկանց ժամանակին միավորել է Բոբ Դիլանը։ Նա ապացուցել է մի կարեւոր թեզ` շոուբիզներսում հարկ չէ լինել արտաքինով գեղեցիկ, ավելին` չլսված մի բան, հարկ չէ ունենալ գեղեցիկ ձայն, կարելի է ընդհանրապես ձայն չունենալ, հարկ չէ նաեւ լինել կիթառի վարպետ, բայց միեւնույն է, կարելի է վերցնել կիթառը, բարձրանալ բեմ եւ պարզ մարդկային, երբեմն էլ խռպոտ կամ մրսած ձայնով երգել անկեղծ եւ ազնիվ երգեր այն ամենի մասին, ինչ մարդ-արարածը կենսական է համարում։

Եվ մարդիկ հավատացին 20-րդ դարի այդ աշուղին, որին արեւմտյան մշակույթում անվանել են բարդ։ Իհարկե, ոչ ոք չի վիճարկում այն իրողությունը, որ ռոքի նախահայրերից մեկը ամերիկացի Էլվիս Փրեսլին էր, ով մի օր գավառական ստուդիայում իր մայրիկի համար ձայնագրած երգով մեկ էլ դարձավ աստղ, որովհետեւ դա նոր կերպար էր` վարորդ, հմայիչ տղա, ով այնքան հանդուգն գտնվեց, որ համարձակվեց սեւամորթների ռիթմերը լսելի դարձնել սպիտակամորթների համար եւ պարահրապարակում միավորեց երկու ռասաների ջահելներին։

Բայց պետք է գար նաեւ մեկը, ով բաց տեքստով էր դատափետելու ռասիզմը, ով անարգանքի սյունին էր գամելու պատերազմ հրահրողներին, ընդ որում դա անելու էր ոչ թե էժան պրոպագանդիստական լոզունգային ոճով, այլ գեղեցիկ նուրբ եւ տխուր պոեզիայով, որի հերոսները շարքային մարդիկ են, բանվորներ, ֆերմերներ, ուսանողներ, զինվորներ` քիչ վաստակող ծնողների զավակներ։

Իսկ հետո պատահեց այն, ինչից Ամերիկայում դժվար էր խուսափել. իսթեբլիշմենթի դեմ պայքարող պատանին հանկարծ դարձավ Նյու Յորքի Գրինիչ Վիլիջի բոհեմային թաղամասի գլխավոր բնակիչներից մեկը, պապարացիների թիրախ։

Նրա ամեն մի քայլ, ամեն մի խոսք, պատահական մեկնաբանություն հայտնվում էր մամուլում, լրագրողները փորձում էին լուսաբանել նոր աստղի կյանքի ամեն վայրկյանը։

Դա սկզբում գուցեեւ հաճելի էր, բայց հետագայում հրահրեց խորը ճգնաժամ եւ դեպրեսիա։ Մի անգամ Բոբ Դիլանը «Նուզվիքին» պատմել է, թե ինչպես էր նրան հետապնդում մի լրագրող, եւ նրա հետ ունեցել այսպիսի մի երկխոսություն. «Դուք նոր սենրնդի մարգարեն եք, չէ՞, ինչպե՞ս եք ձեզ զգում այդ դերում»։ - «Բայց ես մարգարե չեմ, ո՞վ ասաց»։ - «Չե, բոլորը գիտեն, որ դուք եք մարգարե»։ - «Ախր չէ, տիկին, ես մարգարե չեմ»։ - «Չե, դուք եք»։ - «Թվում էր, թե դրա վերջը չի գա», - պատմել է Դիլանը։

Սա զավեշտալի շարունակություն է ունեցել` հուդայականների ընտանիքում ծնված Բոբ Դիլանը 70-ականների վերջին հայտնել է, որ մկտրվել եւ քրիստոնեություն ընդունել։

«Ես ասացի, որ Հիսուսն է մարգարեն, մամուլում էլ արձագանքեցին, թե՝ «չէ, Բոբ Դիլանը մարգարե չէ»։

Երգիչ եւ երգահան Դիլանի մասին նկարահանել են կինոնկարներ, գրել են բազմաթիվ գրքեր եւ նույնիսկ գիտական թեզեր։

Պրոֆեոր Քրիսթոֆեր Ռիքսը 500 էջանոց աշխատությունում Դիլանին դասում է աշխարհահռչակ պոետներ Էլիոթի, Քիթսի եւ Թենիսոնի շարքը, բրիտանացի պոետ Էնդրյու Մոշիոնը պնդում է, որ Դիլանի երկերը պետք է դասավանդել դպրոցներում, 1996 թվականից սկսած մի խումբ գրականագետներ պահանջում են Դիլանին շնորհել Նոբելի գրականության մրցանակը։ Իսկ Դիլանը շարունակում է երգել։
Բոբ Դիլանը համերգով հանդես է գալիս Չինաստանում, 6-ը ապրիլի, 2011թ.

1988 թվականին նա հայտարարել է ծրագիր, որի անունն է` The
Never Ending Tour (Անվերջանալի հյուրախաղեր) եւ առ այսօր շարունակում է այդ տուրը։

Աշխարհի լավագույն երկերը` լինի դա գրականություն, թե ռոք-երգ, հիմնարար արժեքների մասին են` փառաբանում են սերը, ազատությունը, մարդկային համերաշխությունը, դատապարտում հակաարժեքները` պատերազմը, բռնությունը, սրիկայությունը։

«Իմ դավանանքը երգն է»,- մի առիթով ասել է Բոբ Դիլանը։

Մեր սերունդը երջանիկ է գոնե այն առումով, որ լսել-տեսել ենք Դիլանին ու ոչ միայն նրան, այլեւ նրա այլազգի` այդ թվում հայ եղբայրներին, ովքեր մեծ հարգանքով են խոսում պոետ եւ երգիչ Բոբ Դիլանի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG