Մատչելիության հղումներ

Մայիսի 24-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչքան քիչ բան է հարկավոր մեր ժողովրդին գոհանալու համար: Մերոնք բողոքավոր չեն, փողոց ելնող չեն, ջարդող-փշրող չեն, թեեւ բազում պատճառներ ունեն ելնելու ու փշրելու: Բայց հենց այս համբերատարությունն ու հարմարվողականությունն են պատճառը, որ մեր երկիրն ու հասարակությունը բարվոք վիճակում չեն: Պաշտոնյաների թալանն ու լկտիությունը հանդուրժել պետք չէ: Ինչպես պետք չէ հանդուրժել, երբ քեզ նվաստացնում են ու հայտնի կենդանու տեղը դնում: Երբ չես հանդուրժում, պաշտոնյաներն ավելի կարգապահ ու օրինավոր են լինում, երկիրդ՝ ավելի ծաղկուն ու բարեկեցիկ: Ջարդող-փշրող հասարակություններում իշխանությունն ավելի շատ է հաշվետու իր հանրությանը, ավելի կախված նրա կամքից ու վերաբերմունքից: Իսկ այսպես՝ պարզապես լավ ու օրինավոր լինելու իմաստը չկա: Ինչպես իմաստ չկա մրցելու, սեփական արժանիքները ցուցադրելու՝ միեւնույն է, ընտրվելու եւ նշանակվելու են (իսկ դրանք երբեմն նույն բանն են) յուրայինները, հավատարիմները եւ պնակալեզները»:

«Կապիտալ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ: Լրագրողը հարցնում է. - «Եթե համաներման ժամանակ Մարտի 1-ի գործով ազատազրկվածները դուրս գան, կստացվի, որ իշխանությունները կատարեցին նաեւ ՀԱԿ-ի վերջին պահանջը՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը»: Պատասխան. - «Նախ՝ ես զերծ կմնամ բանտարկյալներին քաղբանտարկյալներ անվանելուց։ Երկրորդ՝ ես միշտ ասել եմ եւ կրկնում եմ, որ եթե երկրում արեւ է, ապա դա, ընդդիմության պնդմամբ, իրենց շնորհքն է, եթե ամպրոպ է, ապա՝ իշխանության մեղքը։ Սա կարեւոր չէ, կարևորը, որ երկրում արեւ լինի։ Փաստն այն է, որ երեք տարվա ընթացում քաղաքական լարվածությունը լիցքաթափելու համար կատարում է երկրորդ համաներումը։ Ես համամիտ չեմ, որ սա մեր գործընկերների պահանջների ներքո կատարված քայլ է, սա մեր քաղաքական գծի տրամաբանական քայլն է»։

Նույն հարցի վերաբերյալ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հանրապետականները մեկը մյուսի հետեւից ջերմորեն ողջունում են Սերժ Սարգսյանի հայտարարած համաներումը, բայց խուսափում են ուղղակիորեն խոստովանել, որ դա Հայ ազգային կոնգրեսի պահանջի կատարումն է: Դա միանգամայն հասկանալի է, բա հո չե՞ն ասելու` «այո, ՀԱԿ-ը պահանջեց, մենք էլ կատարեցինք»: Ամբող խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի նպատակը քաղաքական լարվածությունը թուլացնելը չէ, նրա նպատակը Կոնգրեսի'ն թուլացնելն է: Դրա համար էլ իշխանությունները քարոզչական բոլոր հնարավոր ու անհնարին տեխնոլոգիաներով գովազդում են «երկխոսությունը»: Կոնգրեսը պահանջում է բացել Ազատության հրապարակը` իսկույն բացում են, պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին` ժամացույցի ճշտությամբ համաներում են հայտարարում եւ այլն… Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ իշխանությունները որոշել են «երկխոսությունը» գովազդելու միջոցով «փչացնել» Կոնգրեսին: Ընդ որում, այդ մարտավարությունը նշանակում է, որ իշխանությունները իրենք էլ են գիտակցում, որ իրենց հետ երկխոսելը նորմալ քաղաքական ուժի համար «զապադլո» է (ժողովուրդը, համենայն դեպս, այդպես կընկալի)»:

Իսկ «Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանի համաներման որոշմամբ ով` ով, բայց ՀԱԿ-ը առանձնապես հիացած չէ: Նախագահական այս ողորմածությունից օգտվող 2000 բանտարկյալներից առնվազն 6-7-ը դժգոհ են մնալու: Դա նրանք են, որոնց ջանադրաբար նախապատրաստել են քաղաքական պայքարի թատերաբեմ «հերոսական վերադարձի» համար, մինչդեռ այսպես նրանք հանրությանը ներկայանալու են իբրեւ սովորական բանտարկյալներ, որոնք համաներման շնորհիվ հայտնվել են ազատության մեջ հարյուրավոր բախտակիցների նման: Ընդհանուր ցուցակով «քաղբանտարկյալներին» ներում շնորհելը միանգամից թուլացնում է ՀԱԿ-ի ստեղծած եւ վերջին շրջանում անընդհատ ու նպատակամետ ուժգնացվող տպավորությունը, թե Սերժ Սարգսյանը, տեղի տալով արմատական ընդդիմության պահանջներից արդեն երրորդին, մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ դատապարտվածներին ազատ է արձակում: Ոչ մեկն այլեւս տարակույս չունի. սա իշխանությունների` ոչ միայն լարվածության լիցքաթափմանը, նաեւ հակառակորդի զինաթափմանը հետամուտ քայլ է, որից քաղաքական առումով շահում են նույն իշխանությունները»:

«Ժամանակ»-ի զրուցակիցը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է: Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն ուժերին` ի դեպմ Դաշնակցության, «ժառանգության», որոնք փորձում են կայանալ որպես երրորդ ուժ եւ այլընտրանք լինել ՀԱԿ-ին, Հովհաննիսյանը պատասխանում է. - «Երբ կոնը իշխանության ձեռքում է գտնվում,եւ նկատի ունենալով մեզանում գործող տխրահռչակ համակարգը, որտեղ վարչական ներուժը, փողը վճռորոշ դեր են կատարում, պարզից էլ պարզ է, որ կուսակցությունները չեն առաջանում ինքնաբուխ ձեւով, դրանց ստեղծման հետևում կանգնած են լինում ներկա կամ նախկին իշխանավորները: Փաստացի այսօր կան երեք ուժային կենտրոններ՝ ի դեմս երեք նախագահների: Այդ երրորդ ուժի ստեղծումը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ»։
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG