Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ոստիկանները ուժով ցրել են ընդդիմության ցույցը


Վրաստան - Ընդդիմության բողոքի ցույցը Թբիլիսիում, 22-ը մայիսի, 2011թ.
Վրաստան - Ընդդիմության բողոքի ցույցը Թբիլիսիում, 22-ը մայիսի, 2011թ.
Կիրակի օրը Վրաստանում ընդդիմությունն անցկացրել է ցույց եւ պահանջել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը: Ոստիկանները ցրել են ցույցը եւ այդ գործողության ընթացքում ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ են կիրառել:

Ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ասել է, որ բախումը ոստիկաններն են սկսել:

«Մենք ընդամենը պաշտպանվել ենք, ի տարբերություն Վրաստանի կառավարության` մենք չենք նախաձեռնել բախումը, պաշտպանվելը մեր իրավունքն է, որը տրված է Սահմանադրությամբ, մենք տապալելու ենք այս նեոբոլշեւիկյան ռեժիմը, մենք վերադարձնելու ենք ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների իրավունքը եւ վերջ ենք տալու այս կառավարությանը», - հայտարարել է Բուրջանաձեն:

Բախման արդյունքում կան վիրավորներ, նրանց թվում` մի կին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին պնդում է, որ ցուցարարներն են առաջինը հարձակվել իրավապահների վրա:

Բախման նախօրեին` շաբաթ օրը Թբիլիսիում տեղի էր ունեցել ավելի մեծ ցույց, որին շուրջ 10 հազար մարդ էր մասնակցել։ Այդ ցույցից հետո ընդդիմադիր ակտիվիստների մի փոքրաթիվ խումբ գիշերն անցկացրել է Հանրային հեռուստատեսության շենքի մոտ: Երբ ոստիկանները վաղ առավոտյան փորձել են ձերբակալել ակտիվիստներից մեկին, բախում է սկսվել: Ցուցարարները, փորձելով պաշտպանել իրենց ընկերոջը, հարձակվել են ոստիկանության մեքենայի վրա:

Շաբաթ օրը բողոքի ցույց է տեղի ունեցել նաեւ Բաթումիում:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ ցույցերն ամենախոշորն էին 2009 թվականից ի վեր:

Երեկվա բախումը էապես ազդել է քաղաքական իրավիճակի վրա: Վրացական կուսակցության ղեկավար, Վրաստանի նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին հայտնել է, որ ընդդիմությունը միավորվում է Սահակաշվիլիին պաշտոնանկ անելու գաղափարի շուրջ:

«Վրաստանի իշխանությունները բոլոր սահմաններն անցել են, նախաձեռնել են բացահայտ տեռոր սեփական ժողովրդի դեմ: Ապօրինի ձերբակալությունները, խաղաղ ցույցի վրա հարձակումը ստիպում են պատասխան տալ վարչակազմին: Մեր Վրացական կուսակցությունը ժողովրդին կոչ է անում մայիսի 25-ին հավաքվել Հավլաբարի հրապարակում եւ սկսել վճռական պայքար երկրի փրկության համար», - ասել է Սոբարին:

Արձագանք է ստացվել նաեւ արտասահմանից` Ֆրանսիայում ապաստանած Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլի հաղորդել է, որ առաջիկա օրերին վերադառնալու է հայրենիք` չնայած ձերբակալվելու սպառնալիքին:

«Ժողովրդի նկատմամբ գործադրված բռնությունն անպատասխան չի մնա, խոստանում եմ` մայիսի 25-ը կդառնա այդ վարչակարգի վերջին օրը», - ասել է Օքրուաշվիլին:

Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ երկրում հարկ է ամբողջությամբ փոխել իշխանության համակարգը, ինչի համար անհրաժեշտ է անցկացնել խորհրդարանական եւ նախագահական նոր ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG