Մատչելիության հղումներ

ՀԱԿ համակարգողը անհրաժեշտ է համարում ավելացնել միջազգային դիտորդների թիվը


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Հայաստանում Եվրամիության եւ մի շարք երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ միջազգային դիտորդների շեշտակի ավելացումը կարող է թափանցիկ ընտրությունների երաշխիք դառնալ:

Հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը Զուրաբյանը ասել էր, թե Հայաստան պետք է գործուղել միջազգային դիտորդական այնպիսի առաքելություն, որի դեպքում 2000 ընտրական տեղամասերից յուրաքանչյուրում կլինի առնվազն մեկ դիտորդ:

«Դիտորդական առաքելությունը ի վիճակի կլինի լուրջ գնահատականներով հանդես գալ միայն մի դեպքում, եթե միջազգային դիտորդները ամեն տեղամասում վաղ առավոտից գալիս են, կցվում են որպես մշտական դիտորդ այդ տեղամասին եւ հետեւում են ընտրական պրոցեսի ամբողջ ընթացքին: Այդքան էլ դժվար բան չէ 2000 դիտորդ ուղարկելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Զուրաբյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը միջազգային դիտորդների թվի ավելացման առաջարկի դեմ առարկություն չունի:

«Օտար աչքի առկայությունը այդ առումով կարող է նպաստավոր լինել այն պարագայում, երբ որոշակի անվստահություն կա ընտրական պրոցեսի կազմակերպիչների նկատմամբ: Որեւէ առարկություն չունեմ, բայց դեռեւս վստահ չեմ, որ միջազգային հանրությունը ապահովելու է [այդքան դիտորդներով], որովհետեւ նման առաջարկներ եղել են նաեւ նախորդ ընտրություններում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թովմասյանը:

Լեւոն Զուրաբյանը եվրոպացի դիվանագետների հետ հանդիպմանը նաեւ վստահություն է հայտնել, որ մայիսի 31-ին կստեղծվեն նախադրյալներ երկխոսություն սկսելու Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով, իր խոսքով, լեգիտիմ իշխանություն ձեւավորելու օրակարգով:

Հրայր Թովմասյանը, սակայն, արտահերթ ընտրությունները հնարավոր չի համարում:

«Դրա ո'չ քաղաքական, ո'չ տնտեսական, ո'չ սոցիալական որեւէ հիմք ու անհրաժեշտություն ես չեմ տեսնում», - ասաց Արդարադատության նախարարը:

Զուրաբյանը «բնական» է համարում իշխանությունների նման «կարծր դիրքերից հանդես գալը բանակցություններ սկսելուց առաջ»:

«Բայց մի բան հասկանալի է, որ իսկապես ամեն ինչ կախված է ժողովրդի ակտիվությունից: Ոչ մի կարծր դիրքորոշում չի դիմանա ժողովրդական շարժման ճնշմանը», - կարծում է նա:

Միաժամանակ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագծին, որը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքով` փոփոխությունների է ենթարկվել օրենսգրքի հոդվածների ճնշող մեծամասնությունը` 95 տոկոսը:

Հարցին, թե հնարավոր է Ընտրական օրենսգրի բարելավմամբ ապահովել արդար ընտրությունների անցկացումը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Սա այն ոլորտն է, որտեղ շահերի բախումը, կրքերը բավականին մեծ են, եւ խախտումներ կատարել ցանկացողների թվի պակաս, կարծես թե, չկա: Նախորդ բոլոր փոփոխություններից սա ամենահամապարփակ փոփոխությունն է, որի արդյունքում, ըստ էության, ընդունվում է նոր Ընտրական օրենսգիրք: Եվ այս առումով, եթե հարցին ուղղակիորեն պատասխանեմ, պիտի ասեմ` այո, այն բավարար է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»:

Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, մինչդեռ, արդար ընտրություններ ապահովելու համար օրենսդրական փոփոխությունները բավարար չեն:

«Այնքան կարեւոր չէ Ընտրական օրենսգրքի բարելավումը, որքան ժողովրդի վճռականությունը եւ ընդհանուր քաղաքական մթնոլորտը: Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, եթե ժողովուրդը վճռական լինի, եթե փոխված լինի քաղաքական մթնոլորտը Հայաստանում... Իսկ մենք ունենք արդեն բոլոր հիմքերը հաստատելու, որ քաղաքական մթնոլորտը երկրում փոխվում է: Եթե մենք կարողանանք հետեւողականորեն այդ պրոցեսը հասցնել վերջնակետին, ուրեմն կարելի է վստահ լինել, որ մենք կկարողանանք հաղթահարել ընտրակեղծիքների այդ մեքենան», - ասաց Կոնգրեսի համակարգողը:
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG