Մատչելիության հղումներ

Եժի Բուզեկը ժամանել է Բաքու


Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը այսօր ժամանել է Ադրբեջան:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այցի շրջանակներում Բուզեկը կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Բաքվում լրագրողների հետ զրույցում Եժի Բուզեկը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը եւ Ադրբեջանը ընդհանուր արժեքներ ունեն` ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պահպանությունը, եւ հավելել. - «Սակայն մեզ անհանգստացնում են որոշ հարցեր մարդու իրավունքների, հավաքների եւ խոսքի ազատության ոլորտներում»:

Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակի մասին Եվրախորհրդարանի քննադատական բանաձեւի վերաբերյալ Բուզեկը, մասնավորապես, ասել է. - «Մենք երբեք չենք պահանջել Ադրբեջանից ավելին, քան այն պարտավորություններն են, որոնք հենց երկիրն է ստանձնել»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Եժի Բուզեկը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Իրավիճակը տարածաշրջանում անբարենպաստ է, եւ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում, սակայն լինելով Եվրախորհրդարան` մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում մարդու իրավունքների, խոսքի ազատության հարցերին», - ասել է նա:

Հարավային Կովկաս այցելությունը Եվրախորհրդարանի նախագահը սկսել էր Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG