Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիր ուժերը «փնտրտուքի» մեջ են


Կարապետ Ռուբինյան
Կարապետ Ռուբինյան

«Առցանց ազատականների ալյանս» կազմակերպության ղեկավար, նախկինում Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանի խոսքով` ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիր ուժերի մոտ «կա փնտրտուք»:

«Այդ հանդիպումները առայժմ որեւէ արդյունքի չեն բերել», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռուբինյանը` շարունակելով. - «Ձեւավորված քաղաքական իրավիճակի գնահատականները համարյա բոլորի մոտ նույնն են` այս անցումային փուլում մտածում ենք, թե ինչ կարելի անել, որ նպաստենք երկրի զարգացմանը եւ ժողովրդավարացմանը»:

Նա չթաքցրեց, որ մասնակցում է ընդդիմադիրների տարբեր հանդիպում-քննարկումներին: Ռուբինյանը, հիշեցնենք, նախ հեռացավ Հայոց համազգային շարժումից, ապա` ՀԱԿ-ից` վերջինիս որդեգրած քաղաքականության հետ գաղափարական անհամաձայնություն ունենալու պատճառաբանությամբ:

Այսօր նա չբացառեց ապագայում որեւէ կուսակցության անդամագրվելու հնարավորությունը. - «Ասել, որ ինչ-որ մեկի հետ համախոհ եմ կամ համախոհ չեմ կամ համատեղ պլաններ ունենք արդեն գծած` այսպիսի բան չկա»:

Հարցին, թե ում հետ է հանդիպել, Ռուբինյանը արձագանքեց. - «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, «Ժառանգության» այլ անդամների հետ, մի անգամ խմել ենք դաշնակների հետ»:

Ռուբինյանի խոսքով` ամեն ինչ տանում է նրան, որ երկրում տեղի են ունենալու հերթական ընտրություններ. - «Տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով գալու-հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, որտեղ «թամադան» էլի լինելու է ռեժիմի ղեկավար Սերժ Սարգսյանը: Եվ կարելի է արդեն հիմիկվանից էլ կանխատեսել, թե ինչ արդյունքներ են ունենալու եւ որքանով են արդար լինելու այդ ընտրությունները»:

Իր նոր նախաձեռնությունը` «Առցանց ազատականների այլանսը» նա համարում է «քաղաքական էքսպերիմենտ» համացանցում: Առայսօր ալյանսին մասնակցելու ցանկություն են հայտնել 170 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG