Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման խոսել է «արաբական գարնան» մասին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ելույթը Պետդեպարտամենտում, Վաշինգտոն, 19-ը մայիսի, 2011թ.
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ելույթը Պետդեպարտամենտում, Վաշինգտոն, 19-ը մայիսի, 2011թ.

Նա ասել է, որ ԱՄՆ-ը փոփոխություններ պահանջող շարքային մարդկանց կողքին է, եւ Իսրայելին ու արաբներին հորդորել է խաղաղություն ապահովել:

Վեց ամիս առաջ Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում սկսվել են զանգվածային ընդվզումներ, որոնք այժմ անվանում են «արաբական գարուն»:

Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցավ իշխանափոխություն, Լիբիայում կատաղի մարտեր են, որոնք, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ նույնպես կավարտվեն ռեժիմի կործանմամբ: Վարչակազմեր կարող են փոխվել նաեւ տարածաշրջանի այլ երկրներում:

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես է այդ խնդիրներին նվիրված ծավալուն ելույթով, որի ընթացքում նշել է, որ եթե Ամերիկան չկարողանա արձաքանքել տարածաշրջանի շարքային մարդկանց ձգտումներին, ապա դա կխորացնի այն տեսակետը, որ պաշտոնական Վաշինգտոնը աշխարհի այս հատվածում սոսկ սեփական շահն է հետապնդում:

«Վեց ամիս շարունակ մենք Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում աննախադեպ փոփոխությունների ականատես ենք: Հրապարակը հրապարակի, ավանն ավանի, երկիրը երկրի ետեւից՝ մարդիկ բարձրաձայն պահանջում են հարգել իրենց տարրական իրավունքները», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Օբաման, ի դեպ, խոսել է ոչ թե Սպիտան տանը, այլ Պետդեպարտամենտում` ցանկանալով այդպես ավելի ընդգծել տարածաշրջանի կարեւորությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար:

Նա հավաստիացրել է, որ Ամերիկան նախեւառաջ փոփոխություններ պահանջող մարդկանց կողքին է, այլ ոչ թե նրանց ղեկավարների` չնայած այն հանգամանքին, որ այդ ղեկավարներից շատերը ԱՄՆ-ի դաշնակիցներն են համարվում:

Օբաման ասել է, որ Ամերիկան այդ երկրներին օգնելու է քաղաքացիական հասարակարգ կայացնելու հարցում, տրամադրելու է տնտեսական աջակցություն, որն ուղղված կլինի հատկապես երիտասարդության շրջանում աշխատատեղերի ստեղծմանն ու բիզնեսի զարգացմանը:

«Մեր պատգամը շատ պարզ է՝ եթե ստաձնեք բարեփոխումների ռիսկը, կստանաք Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը», - ասել է Օբաման:

Նա տեղեկացրել է, որ Սպիտակ տունը չեղյալ է հայտարարելու Եգիպտոսի մոտ մեկ միլիարդ դոլարի պարտքը, այդ գումարը Եգիպտոսը կարող է ուղղել աշխատատեղեր եւ ձեռնարկություններ ստեղծելուն: Բացի այդ, եւս մեկ միլիարդ դոլար ԱՄՆ-ը վարկի տեսքով կտրամադրի Եգիպտոսին:

Բարաք Օբաման խոսել է արաբա - իսրայելական խաղաղության հեռանկարի մասին` ասելով, որ կողմերը պարտավոր են ի վերջո համաձայնության հասնել:

Իսրայելը, ըստ նրա, պետք է ընդունի Պաղեստինի պետության գաղափարը, ընդ որում` այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մինչեւ 1967 թվականի «վեցօրյա պատերազմը», որի ընթացքում իսրայելական ուժերը գրավել էին Երուսաղեմի արեւելյան հատվածը, Գազայի գոտին եւ Հորդանանի արեւմտյան ափը:

Բարաք Օբաման նաեւ ասել է, որ արաբական աշխարհը, իր հերթին, պարտավոր է հրաժարվել Իսրայելի գոյության իրավունքը մերժելու անպտուղ դիրքորոշումից, եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը եղել եւ մնում է Իսրայելի դաշնակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG