Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել


«Զվարթնոց» օդանավակայանում, որի վերաբերյալ հինգշաբթի ցերեկը ռումբի ահազանգ էր ստացվել, որոնողական աշխատանքների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը, օդանավակայանը վերադարձել է իր բնականոն աշխատանքային հունին:

Հիշեցնենք, որ այսօր արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանությունից տեղեկատվություն էր ստացվել, որ անհայտ քաղաքացու ահազանգի համաձայն` Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` ահազանգը ստացվել է 30-35 տարեկան տղամարդուց, ով զանգահարել է քաղաքային հեռախոսից, որի համարը հայտնի է:

Որոնողական աշխատանքների ընթացքում, Գեւորգ Աբրահամյանի փոխանցմամբ, օդակայանից բոլոր ուղեւորները եւ աշխատակիցները տարհանվել էին: Ահազանգի հետ կապված` ժամանող 3 եւ մեկնող 2 չվերթներ ժամանակավորապես կասեցվել էին, մյուսները` հետաձգվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG