Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը չի հավատում մարտի 1-ի դեպքերի լիակատար բացահայտմանը


«Ժառանգություն» կուսակցության առաջնորղ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորղ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այնքան էլ չի հավատում, որ իշխանությունները ամբողջությամբ կբացահայտեն 2008 թվականի մարտ 1-ի հետընտրական իրադարձությունները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք տարի շարունակ ոչինչ չանելով` այսօր որոշել են նոր քննություն սկսել:

«Ես համարում եմ, որ ազգային ողբերգությունը մնում է փակի տակ: Մինչեւ հիմա նույնիսկ մեկ քրեական գործ չկա, որտեղ կա ամբաստանյալ: Այս հարցը քողարկվել է, սքողվել է, թույլ է տրվել, որ միջազգային հանրության աչքին Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, որպես դեպի ժողովրդավարություն գնացող երկիր, հեղինակազրկվի: Ես թերահավատ եմ, որ մեր իշխանակարգը ունակ է բացահայտելու մարտի 1-ի բոլոր ծալքերը: Եթե այս երեք տարիների ընթացքում ինքը չի արել, եթե ինքը պետք ունի քաղաքական հրահանգի, որ ինքը ինչ-որ գործ անի, դա մեծ հարցականներ է առաջացնում մեր արդարադատության վերաբերյալ», - ասաց Հովհաննիսյանը հինգշաբթի լրագրողների հետ կայացած հանդիմանը:

Նա հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը` Սերժ Սարգսյանը, ով դարձավ Հայաստանի երրորդ նախագահ, իսկ ընդդիմության գլխավոր դերակատարը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Հովհաննիսյանը ընդգծեց, որ երբ ինքը խոսում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, նաեւ նկատի ունի այն հանգամանքը, որ Հայաստանը պետք է ունենա հատուկ դատախազի ինստիտուտ, որը կկարողանա վկայություններ վերցնել նաեւ նախագահներից ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներից: Նրա համոզմամբ` Հայաստանը պետք է նաեւ միջազգային Քրեական դատարանի անդամ դառնա, որպեսզի «եթե Հայաստանը ունակ չէ այս հարցը լուծել, դրանով զբաղվի այդ միջազգային դատարանը»:

«Այդ դատարանը ունի կոնկրետ մանդատ, շոշափելի երեք ուղղություններ, որոնցից մեկը մարդկության դեմ ոճիրներն են: Եվ ես կարծում եմ, որ ընտրությունների կեղծումը, իսկ դրա հետքերով` մարդկային սպանդը նաեւ մտնում է այդ կատեգորիայի մեջ», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդո՞ք մինչեւ մայիսի 31-ը իշխանությունները ազատ կարձակեն ընդդիմադիր գործիչներին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե տեղյակ չէ, սակայն հույս ունի, որ այդպես էլ կլինի, միգուցե ոչ բոլորին ազատ արձակեն:

«Ժառանգության» կուսակցության հիմնադիրը հիշեցրեց, որ իրենք ասում էին, թե քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն ոչ թե 2011 թվականի մայիսի 28-ի նախաշեմին, այլ 2008 թվականի մայիսին:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրես - իշխանություն երկխոսությանը` Հովհաննիսյանը նշեց, թե այն, որ կողմերը երեք տարի ուշացումով մոտեցել են, իհարկե, ողջունելի է, բայց անհրաժեշտ է, որ «կողմերը չհեռանան երկխոսության բուն նպատակից եւ բովանդակությունից». - «Նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանության արտահերթ եւ նորովի ձեւավորումը: Եթե այն երկխոսությունը , որի մասին դուք խոսում եք, չի հեռանում այդ բովանդակությունից, չի հեռանում Հայաստանը իրական եւ սահմանադրական մայրուղի վերադարձնելու հրամայականից, ես կարծում եմ, որ կարելի է միայն ողջունել: Բայց եթե դա նախընտրական մարտավարական էվոլյուցիա է, դա ինքնին գոյության իրավունք ունի, բայց լրիվ այլ հանրային ընկալում կունենա»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի չի պատրաստվում հերթական ընտրություններին, իսկ արտահերթի մասին խոսում է ընտրազանգվածին «տաք պահելու» համար, «Ժառանգության» առաջնորդը ասաց, թե «բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական լուրջ դերակատարները այսօր պատրաստվում են հերթական ընտրությունների»:

«Այդ ընտրությունների նախապատրաստման խնդիրը բոլորի օրակարգում կա` գոնե փակ հավաքներում: Եթե խնդիրը այն է, որ պետք է մտնենք Ազգային ժողով, 7 տեղը դարձնենք 15, կամ մեր արտախորհրդարանական կարգավիճակը դարձնենք խորհրդարանական կարգավիճակ, եւ ակնկալել, որ այդպիսով Հայաստանը պիտի փոխվի, որ մենք պիտի ունենանք օրենքի իշխանություն, ես կարծում եմ, որ դրանք անհիմն ակնկալիքներ են», - հավելեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ այսօր «մյուս ընդդիմադիր ուժերի հետ դաշինք ստեղծելու խնդիր» իրենց օրակարգում չկա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր է, որ «ժառանգություն»-ը դիմի ՀԱԿ-ին` առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առաջարկով, Հովհաննիսյանը արձագանքեց, թե այս հարցը դեռեւս չեն քննարկել:

Իսկ առաջիկա նախագահական ընտրություններին անդրադառնալով` լրագրողները հետաքրքրվեցին, թե ով կլինի «Ժառանգության» նախագահի հավանական թեկնածուն:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի չորրորդ նախագահության հավանական թեկնածուն ես չեմ: Ես չեմ հրաժարվում որեւէ բանից: Ես ուզում եմ, որ Հայաստանը ունենա վերջապես դե յուրե իշխանություն: Մենք պիտի վերջապես` 1995 թվականից այս կողմ ունենանք իրավական երկիր: Եվ դա ավելի մոտիկ բերելու համար ես պատրաստ եմ իմ թեկնածությունը դարձնել առավել հավանական կամ առավել անհավանական», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG