Մատչելիության հղումներ

Քաղաքագետը Ղարաբաղյան գործընթացում ակտիվացում է ակնկալում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Լոնդոնում, հունվար, 2010թ.
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Լոնդոնում, հունվար, 2010թ.
«Հայաստանի դիվանագիտության ղեկավարի այցելությունների այս խտությունը, կարծում եմ, վկայում է, որ որոշակի գործընթաց է տեղի ունենում, եւ այդ հետաքրքրության աղբյուրը արեւմտյան ընկերակցությունն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպելու է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Մինչ ԱՄՆ մեկնելը Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է, մասնավորապես, արտգործնախարար Ալեն Ժյուպեի, նախագահ Նիկոլ Սարկոզիի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ:

Ի պատասխան հարցադրման, թե ինչո՞վ են պայմանավորված վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաճախակի այցերը, արդյո՞ք դա կարող է որեւէ կերպ ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Ռուբեն Մեհրաբյանը նշեց. - «Նրա այցելությունը Մինսկի խմբի մեկ երկիր` Ֆրանսիա, որից հետո նաեւ` Միացյալ Նահանգներ, որը առանցքային դերակատարներից մեկն է մեր տարածաշրջանում, թույլ է տալիս մտածել այն ուղղությամբ, որ Ղարաբաղյան պրոցեսում ինչ-որ փոփոխություններ, այնուամենայնիվ, կարող են եւ նշմարվել: Համենայն դեպս, դա Միացյալ Նահանգների, այսպես ասենք` ցանկության շրջանակներում է»:

«Դրա հետ մեկտեղ էլ, հաշվի առնելով, որ Հայաստանում նաեւ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, ապա ամերիկյան շահերի տեսակետից, իմ կարծիքով, դրանք պետք է տեղավորվեն ընդհանուր տարածաշրջանային կոնտեքստի մեջ», - հավելեց քաղաքագետը:

Նրա բնորոշմամբ, «Նալբանդյանի այս այցելությունը բավականին անսպասելի էր` այնպես չէր, որ դա ինչ-որ պաշտոնական այցելություն էր` վաղօրոք պլանավորված, այլ դա հրատապ բնույթ է կրում»:

«Այնպես որ, պետք է սպասենք զարգացումներին եւ պաշտոնական հայտարարություններին», - ասաց քաղաքագետը` ամփոփելով. - «Մեզ սպասում են հետաքրքիր իրադարձություններ, որոնք դժվար է ասել` կբերե՞ն փոփոխությունների, թե՞` ոչ, բայց ամեն դեպքում` ակտիվացում կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG