Մատչելիության հղումներ

Զորակոչի տարիքը 19 տարեկանը կսահմանվի


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարծում է, որ «Զինապարտության մասին» օրենքում լրացումը, որով զինապարտության տարին 19-ը կսահմանվի, փարատելու է այն մտահոգությունները, թե, դպրոցը դեռ չավարտած, շրջանավարտները բանակ են զորակոչվելու:

Ազգային ժողովը անցյալ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի այդ լրացումը, քանի որ 12-ամյա կրթական համակարգին անցնելու պատճառով տղաները դպրոցը կավարտեն զորակոչի տարիքում, այսինքն 18 տարեկանում: Այդ պատճառով կառավարությունն առաջարկում է հանրակրթական ուսումնական հաստատություններում` դպրոցներում, միջին մասնագիտական քոլեջներում, ուսումնարաններում սովորողների համար զորակոչի տարիք սահմանել 19-ը: Եթե 19-ից հետո էլի կլինեն աշակերտներ, ովքեր դպրոցը դեռ ավարտած չեն լինի, օրենքի լրացմամբ նրանց համար տարկետում է սահմանվում մինչեւ 20 տարին լրանալը: Սակայն այս դեպքում նրանք պարտավոր են զինվորական կոմիսարիատ տեղեկանք ներկայացնել ուսումնառության մասին:

«Երբեմն զավեշտի են հասնում այն խոսակցությունները, թե եկող տարվա ավարտական քննությունները լինելու են հունվար ամսին, ընդունելության քննությունները` փետրվար-մարտին, որպեսզի պարզ լինի` դիմորդը ընդունվում է բուհ, թե` ոչ, որից հետո նոր հնարավոր կլինի զորակոչը: Նման բաներ չեն լինի, ուսումնական տարին կավարտվի նույն ժամանակահատվածում: Նրանք չեն ազատվում զինվորական ծառայությունից, պարզապես մեկ տարի տարկետում են ստանում, եթե ներկայացնում են համապատասխան տեղեկանք: 19-ը լրանալուց հետո նրանք համապատասխան ընթացակարգերով եւ համապատասխան կարգով կզորակոչվեն բանակ», - ասաց Հրայր Թովմասյանը:

Ըստ նախարարի` նրանք, ովքեր կփորձեն վատ սովորելով մնալ նույն դասարանում եւ այս ճանապարհով խուսափել ծառայությունից, տարկետում չեն ստանա եւ բանակ կզորակոչվեն առանց դպրոցն ավարտելու:

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջարկվող լրացմանը:

«Եթե այս օրենքի փոփոխությունը չընդունենք, կառավարությունը ստիպված կլինի ցանկով հաստատել այն պատանիների անունները, որոնք դեռ սովորում են հանրակրթական դպրոցներում, եւ կառավարության որոշումով տարկետման իրավունք տալ: Այսինքն այս խնդիրը այս կամ այն կերպ լուծվում էր եւ լուծվում էր ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշումով», - ասում է Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին զորքերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Այս տարի դպրոցները շրջանավարտ չեն ունենա, սակայն հաջորդ տարի 12-ամյա կրթություն ստացած առաջին դպրոցականները օրենքի ընդունման դեպքում կօգտվեն տարկետումից: Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մինչ օրս շատ քիչ են եղել նման դեպքեր, եւ աշակերտները ստիպված են եղել անհատապես դիմել կառավարությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ապագա շրջանավարտներն ասում էին, որ իրենց ավելի շատ մտահոգում է ոչ թե դպրոցն ավարտելը, այլ բուհական քննություններին մասնակցելը հասցնելը: Նարինե Հովհաննիսյանը չի կիսում այս մտահոգությունները` բացատրելով, թե ներդրված միասնական քննական համակարգը ենթադրում է դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության քննությունների միաժամանակյա անցկացում:

«Այսինքն երեխային բանակ գնալը չի խանգարում, նա հնարավորություն է ստանում քննություն տալ եւ ընդունվել բուհ», - ասում է Հովհաննիսյանը:

Պաշտոնական տվյալներով` 2012-ին շուրջ 6 հազար պատանի դպրոցը կավարտի արդեն զինապարտության տարիքը լրացած: Հրայր Կարապետյանի համոզմամբ` տրված 6 հազար տարկետումները խնդիրներ չեն առաջացնի բանակի թվաքանակը լրացնելու հարցում, քանի որ կառավարությունը առանց օրենքի լրացման էլ արդեն նախատեսել էր այս պատանիների ծառայությունը հետաձգել:

«Ռեսուրսները լրացնելու այլ միջոցներ եւս կան: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում առաջնությունը պետք է տալ նրան, որ երեխան ավարտի դպրոցը, հետո զորակոչվի բանակ», - ասաց Հրայր Կարապետյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG