Մատչելիության հղումներ

Փաշինյանի կինը հավանական է համարում ամուսնու ազատ արձակումը


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը հավանական է համարում, որ մինչեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախանշած օրը` մայիսի 31-ը 2008-ի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը ազատ արձակվեն:

«Հնարավոր չէ լինել բանական մարդ եւ, հաշվի առնելով վերջին զարգացումները երկրում, իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ տեղի ունեցող դեռեւս հրապարակային չասեմ բանակցությունները, այլ պահանջ դնելու, պահանջ կատարելու գործընթացները, չմտածել, որ հավանականություն կա, որ կարող են ազատ արձակվել», - ասաց Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. - «Ես ոչ մի կասկած չունեմ, որ երկխոսության կիսաբաց դուռը լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը»:

Այս հայտարարությունից մի քանի օր անց` մայիսի 5-ին Տեր-Պետրոսյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում անցկացրեց անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Դրա նախորդ օրը Տեր-Պետրոսյանը տեսակցել էր նաեւ Սասուն Միքայելյանին:

Հարցին, թե արդյո՞ք սա պատահականություն էր, թե դեպքերի օրինաչափ շղթայի մի օղա՞կ, Աննա Հակոբյանը պատասխանեց. - «Այն պահին, երբ մենք լսեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելում է բանտեր, այցելել է Սասուն Միքայելյանին եւ պատրաստվում է այցելել նաեւ Նիկոլին, ես` որպես անհատ իմ անձնական գնահատականով այդ քայլը դիտեցի որպես սկսված գործընթացների շղթայի մի մաս: Եվ կրկին մտածեցի, որ դա կարող է նաեւ հավելյալ ճնշում լինել` ՀԱԿ-ի այդ պայմանը [կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու] աներկբայորեն կատարելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG