Մատչելիության հղումներ

Փորձագետները գնահատում են 17-ամյա զինադադարի արդյունքները


Մայիսի 12-ին լրանում է հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաստատման 17-րդ տարին: Հայաստանցի ու օտարերկրյա փորձագետները նշում են, որ թեեւ անցած տարիների ընթացքում զինադադարը կարողացավ զերծ պահել կողմերին խոշորածավալ ռազմական գործողություններից, սակայն ներկայում մտահոգությունները միայն աճում են` կապված շփման գծում առկա իրավիճակի ու հակամարտության հետագա ընթացքի հետ:

1994 թվականի մայիսյան այս օրերին Ռուսաստանի միջնորդությամբ հակամարտության կողմերի` Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարարներ` Մամեդրաֆի Մամեդովը, Սամվել Բաբայանը եւ Սերժ Սարգսյանը ստորագրեցին զինդադարի մասին փաստաթուղթը, որն էլ ուժի մեջ մտավ հենց մայիսի 12-ին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե զինադադարը հայկական կողմի համար դրական էր երկու իմաստով` զինադադարով ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի` հակամարտության կողմ լինելը եւ հակամարտության գոտի որեւէ երրորդ երկրի ուժեր մուտք չգործեցին:

«Ունենալով նման ձեռքբերումներ` մենք, իհարկե, ընթացքում հասանք նրան, որ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից», - ընդգծեց Մանվել Սարգսյանը:

Ղարաբաղյան հակամարտության հնարավոր հեռանկարների մասին Սարգսյանն ասաց, թե դա ավելի շատ կախված է միջազգային գործընթացներից եւ դրանց ազդեցությունից տարածաշրջանի վրա:

«Միջազգային գործընթացների ազդեցությունը կոնֆլիկտի տարածքի վրա ամեն տարի ավելանում է, բայց քանի որ միջազգային գործընթացների էությունը շատ փոփոխական է, դրա համար էլ շատ դժվար է տեսնել, թե ինչպես կարող է զարգանալ այդ ազդեցությունը», - ասաց Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի աշխատակազմը 1993-1999 թվականներին ղեկավարած, քաղաքագետ Էլդար Նամազովի կարծիքով` զինադադարը, անշուշտ, ձեռքբերում էր, քանի որ այն դադարեցրեց մարտական գործողությունները, որոնց հետեւանքով մարդիկ էին զոհվում: Նա նույնպես դրական համարեց այն, որ զինադադարի արդյունքում շփման գծում երրորդ երկրի ուժեր չտեղակայվեցին, քանի որ, ըստ նրա, դա հույս է տալիս, որ մի օր հակամարտությունը կլուծվի:

«Սակայն, ցավոք, 17 տարի անցավ, բայց խաղաղության համաձայնագիր այդպես էլ կնքված չէ: Դեռ ավելին` բանակցային գործընթացը հաճախ հայտնվում է փակուղում, եւ դա բերում է լարվածության աճին, ու ավելի շատ փորձագետներ են կարծում, որ հնարավոր է` կրակի դադարեցման այս ռեժիմը մի օր կխախտվի: Ես ինքս կարծում եմ, որ այդ ռեժիմը, իհարկե, չի կարող հավերժորեն շարունակվել: Հարկավոր է որքան հնարավոր է արագ ինչ-որ արդյունքի հասնել», - ասաց Նազիմովը` հավելելով, թե այդքանով հանդերձ իր կանխատեսմամբ` զինադադարի վիճակը կպահպանվի առնվազն մի քանի տարի:

Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան ծրագրի ղեկավար Լորենս Սքոթ Շիթսը հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե 1994 թվականի ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ 17 տարի անց էլ հաշտություն չի լինի: Ինչ վերաբերում է առկա զինադադարի արդյունավետությանը եւ հեռանկարին, Շիթսը նշեց. - «Այն արդյունավետ է միայն այն առումով, որ դեռ զսպում է կողմերին` զերծ մնալ մնալ ռազմական լայնամասշտաբ գործողություններից: Սակայն դա խնդրի լուծում չէ: Բացի այդ, ինչ վերաբերում է շփման գծում տեղի ունեցող միջադեպերին կամ շփման գծին մոտ բնակվող մարդկանց կյանքի պայմաններին, քանի որ հատկապես Ադրբեջանում բավականին մեծ թվով մարդիկ բնակվում են շփման գծին մոտ, ապա պետք է ասեմ, որ այս զինադադարը այդքան էլ արդյունավետ չէ: Այդ իմաստով բավական է ամեն օր կարդալ շփման գծում նոր միջադեպերի մասին հաղորդագրությունները»:

Շիթսը դժվարացավ գնահատական տալ, թե ինչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, սակայն նշեց, որ միջազգային հանրությունը անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում հակամարտությանը, մինչդեռ շփման գծում լարվածությունը անընդհատ աճում է:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG