Մատչելիության հղումներ

«Միկան» 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը


Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Միկան» 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը` 4:1 հաշվով պարտության մատնելով Գյումրիի «Շիրակ» թիմին:

Հանդիպումը անցավ լարված մթնոլորտում: Առաջին գոլը գրանցվեց խաղի 16-րդ րոպեին: «Շիրակի» դարպասը գրավեց «Միկայի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Թադեւոսյանը` անկյունային խաղարկումից հետո: Մոտ 20 րոպե անց «Միկան» կրկնապատկեց հաշիվը, այս անգամ շնորհիվ Նարեկ Բեգլարյանի: «Շիրակի» ֆոտբոլիստների պատասխան գոլը չուշացավ. Անդրանիկ Բարիկյանը գրավեց «Միկայի» դարպասը եւ հաշիվը դարձավ 1:2` հօգուտ «Միկայի»:

Առաջին խաղակեսն ավարտվեց 1:2 հաշվով` հօգուտ «Միկայի»:
Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցնելու «Շիրակի» ֆուտբոլիստների փորձերն ապարդյուն անցան: «Շիրակի» դարպասում հայտնվեց երրորդ գնդակը, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը: Չնայած գյումրեցիների ակտիվությանը, նրանց գրոհները ձախողվում էին:

Հանդիպման ավարտից րոպեներ առաջ գլխի հարվածով Շիրակի դարպասը գրավեց Դոնգ Ֆանգժուն` հաշիվը դարձնելով 1:4 հօգուտ Միկայի:

Հանդիպման գլխավոր մրցավարն էր իսպանացի Դավիդ Ֆեռնանդես Բորբալանը:

Գյումրիից չարտերային գնացքով մեծ թվով «Շիրակի» երկրպագուներ էին ժամանել Երեւան, ովքեր գրեթե ամբողջությամբ զբաղեցրել էին մարզադաշտի արեւելյան տրիբունան: «Շիրակ» վանկարկելուց բացի նրանք նվագում էին իրենց հետ բերած զուռնա-դհոլի, ակորդեոնի, հարվածային ու փողային այլ գործիքների վրա: «Շիրակի» երկրպագուները մարզադաշտ էին բերել մի պաստառ հետեւյալ մակագրությամբ` «Հրայր, վերադարձիր տուն», «Շիրակն» է քո տունը»: Ծնունդով գյումրեցի Հրայր Մկոյանը հանդիպմանը մասնակցում էր «Միկայի» կազմում: Դա, Հրայրին, այսպես ասած, հետ կանչող միակ պաստառը չէր:

Խաղին հետեւում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Միկա» թիմի սեփականատեր, գործարար Միքայել Բաղդասարովը: Հանդիպման ավարտին ՀՖՖ նախագահը մեդալներ ու պատվոգրեր հանձնեց մարզիչներին ու երկու թիմերի մարզիկներին, ինչպես նաեւ «Միկային» հանձնեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը:

Նվաճելով Հայաստանի գավաթը` Միկան ստացավ Եվրոպայի լիգայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:
please wait

No media source currently available

0:00 0:05:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG