Մատչելիության հղումներ

«Սիրիայում հայությունն այս օրերին չի տուժել»


Սիրիա - Բողոքի ցույց Բանիյաս քաղաքում, 6-ը մայիսի, 2011թ.
Սիրիա - Բողոքի ցույց Բանիյաս քաղաքում, 6-ը մայիսի, 2011թ.
Սիրիայում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով տեղի հայ համայնքը չի տուժել եւ բարվոք վիճակում է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց այդ երկրում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի լրագրող Մարիա Գաբրիելյանը:

«Հայության մեջ չունենք ո'չ զոհ եւ ո'չ էլ վիրավոր: Կյանքը բնականոն հունով շարունակվում է, երկրում տագնապ է, բայց աշակերտները հաճախում են դպրոցներ, գործում են եկեղեցին, ակումբները: Դերաա ավանում, որտեղ առավել թեժ է կացությունը, հայ համայնք չկա», - ասաց «Գանձասար»-ի լրագրողն ու ավելացրեց. - «Հալեպ, Դամասկոս, Լաթաքիա, Քեսաբ, Քամըշլի` այս վայրերում են բնակվում հայերը, ամենամեծ գաղութը Հալեպում է, որտեղ բոլորովին խաղաղ է»:

Սիրիայում ընդվզումները սկսվել են մարտի 18-ին: Այս ընթացքում, ըստ «Ռոյթեր» լրատվական գործակալության, զոհվել է մոտ 620 քաղաքացիական անձ եւ 120 զինվոր, ձերբակալվածների թիվը մոտ 7 հազար է:

Նախօրեին երկրի անվտանգության ուժերը լայնածավալ գործողություններ են իրականացրել, ձերբակալված են հարյուրավոր մարդիկ, սպանվել է բանակի վեց ծառայող: SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` վեց զոհերից երեքը սպաներ են, ովքեր գնդակոծության են ենթարկվել Հոմսում եւ Բանիյասում։ Ըստ ընդդիմության ակտիվիստների, այդ երկու բնակավայրերում խափանված է ջրի եւ էլեկտրականության մատակարարումն ու չի գործում հաղորդակցության ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG