Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության նախարարը ադրբեջանական կողմի կրակոցները «շանտաժ» է որակում


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, Շուշի, 9-ը մայիսի, 2011թ.
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, Շուշի, 9-ը մայիսի, 2011թ.
Հաղթանակի եւ խաղաղության տոնի օրը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հանգիստ է:

«Վերջին 5 ամսվա ընթացքում այսօր ամենից հանգիստ օրն է եղել», - այսօր հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` Շուշիում պատասխանելով լրագրողների հարցերին:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցություններին եւ դրանց հաջորդող կրակոցներին շփման գծում` Մովսես Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այդպիսով ադրբեջանական կողմը փորձում է շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, որպեսզի որոշակի ճնշումներ գործադրեն Լեռնային Ղարաբաղի հանդեպ:

«Բանակի համար դա անընդունելի է, եւ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ բանակի վրա», - հավելեց ԼՂ պաշտպանության նախարարը:

Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման առնչությամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին:

«Եթե պետական պաշտոնյան իր ուժերից վեր հայտարարություններ է անում, չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ այն ինչ հայտարարում է, չի կարող իրականացնել», - ասաց պաշտպանության նախարարն ու հավելեց. - «Մենք կարող ենք օրական մոտ 62 քաղաքացիական չվերթ Ադրբեջանի տարածքում հրթիռակոծել, որը չենք իրականացնում, եւ հասկանում ենք, որ քաղաքացիական օդանավերը ռմբակոծելը հանցագործություն է»:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած տոնական միջոցառումների շարքում այս տարի տեղ գտավ նաեւ Ղարաբաղի Պաշտպանության բանակի զենքերի ցուցադրություն:

Վերածննդի հրապարակում օրվա երկրորդ կեսին մարդիկ հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալ բանակի զենքերին:

Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի խոսքերով` ցուցադրության են հանվել նաեւ նոր զինատեսակներ:

«Երիտասարդ սերնդին ի ցույց դնել այն, ինչ որ ունենք, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան ծանոթանալ զենքին: Կան նաեւ նոր զենքեր, նոր զինատեսակներ», - ասաց Մովսես Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG