Մատչելիության հղումներ

Փաշինյանը վիճարկում է իրեն նշանակված տույժերի օրինականությունը


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ուրբաթ մեկնարկեց Վարչական դատարանի նիստը, որով 2008-ի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը վիճարկում է «Նուբարաշեն» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում իրեն նշանակված հինգ տույժերից երկուսը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը իրեն նշանակված տույժերի արդյունքում 2010-ի նոյեմբերի 30-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց: Այս տեղափոխումով խստացվեց նրա պատժի կրման ռեժիմը, քանի որ «Արթիկ»-ում նա պատիժը կրում է փակ ռեժիմով:

Նախքան դատական նիստի սկսվելը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ արգելեցին լրագրողներին ներս տանել տեսա եւ ֆոտոխցիկները` նշելով, որ դատավորն է այդ որոշումը կայացրել, չնայած որ նիստը այդ պահին դեռ չէր սկսվել: Նիստի ընթացքում, այդուամենայնիվ, դատավոր Ռոբերտ Սարգսյանը որոշեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել նիստը տեսաձայնագրել եւ ֆոտոլուսանկարել:

Առաջին դատական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել, թե որքանով է օրինական Վարչական դատարանի արտագնա նիստ անցկացնելու մասին որոշումը:

«Ես գիտեմ, որ Հայաստանի հանրապետությունում արտակարգ դատարանների գոյությունը արգելված է Սահմանադրությամբ: ՀՀ Վարչական դատարանը առաջնորդվում է Վարչական դատավարության օրենսգրքով, որտեղ ասվում է, որ Վարչական դատարանի նիստերը տեղի են ունենում Վարչական դատարանի շենքում: Ոչ մի օրենք չի նախատեսում, որ վարչական դատավարությունը տեղի ունենա քրեակատարողական հիմնարկում կամ որեւէ ուրիշ տեղ: Ինձ համար տեղը չի էական, օրինականությունն է էական, եւ որպեսզի համոզվեմ, որ սա օրինական պրոցես է, խնդրում եմ ինձ պարզաբանել, թե Վարչական դատարանը ո՞ր օրենքի ո՞ր կետով է առաջնորդվել արտագնա նիստ հրավիրելու իր որոշման մեջ», - հարցրեց Փաշինյանը:

Սակայն դատավոր Ռոբերտ Սարգսյանը, ըստ էության, այդպես էլ չկարողացավ ստույգ պատասխանել հայցվորի հարցին:

«Եթե ձեզ համար տեղը էական չէ, ձեր իրավունքները դուք կարող եք պաշտպանել հենց այս պայմաններում», - ասաց Սարգյանը` նշելով, թե դատարանին էլ ընդամենը կահավորված դահլիճ է պետք նիստն անցկացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ցանկանում է ինքնաբացարկ հայտարարել դատավորին, բայց մինչ այդ փաստաբանի հետ խորհրդակցելու կարիք ունի եւ միջնորդեց իրեն հնարավորություն տալ փաստաբանի հետ դա քննարկելու:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, եւ դատական առաջին նիստը հետաձգվեց: Ժամը 14-ին սկսվեց դատական 2-րդ նիստը, որը վերաբերում էր «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նշանակված տույժն անօրինական ճանաչելուն:

Նիստը սկսվելուն պես Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հնարավորություն չի ունեցել իր փաստաբանին տեսակցելու ժամանակ գործին առնչվող որեւէ փաստաթուղթ փոխանցել:

«Ինձ պաշտոնապես արգելել են, որ ես փաստաթղթերը տանեմ փաստաբանիս հետ հանդիպման», - ասաց Փաշինյանը:

Պատասխանող կողմը` քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացուցիչները փորձեցին ճշտել, թե արդյոք Փաշինյանը գրավոր դիմել է, որ իր ասածն հիմնավորի:

«Ես բազմիցս այս ընթացքում գրավոր դիմել եմ, տարբեր հարցերով, բայց եթե հիմա դուք կարողանաք գտնել, թե որտե՞ղ են այդ դիմումները, ես ձեզ մաղարիչ կանեմ», - ասաց Փաշինյանը:

Նա միջնորդեց, որ դատարանը հնարավորություն տա իրեն տեսակցել փաստաբանի եւ փոխանցել գործին առնչվող փաստաթղթերը: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ նիստը հետաձգվեց:

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG