Մատչելիության հղումներ

«Իզվեստիա»-ն հրատարակելու է հայազգի գործարարի հոլդինգը


Արամ Գաբրելյանով, արխիվային լուսանկար
Արամ Գաբրելյանով, արխիվային լուսանկար

Ռուսաստանյան ամենահին եւ ամենահայտնի թերթերից մեկը` «Իզվեստիա»-ն, հունիսի 1-ից հրատարակելու է Արամ Գաբրելյանովին պատկանող «Նյուս մեդիա-Ռուս» հոլդինգը:

Գաբրելյանովի ղեկավարած հոլդինգին են պատկանում «Ժիզն» տաբլոիդը, «Լայֆ Նյուս»-ն ու «Մարկեր»-ը:

«Ժիզն» օրաթերթը ռուսաստանյան առաջին տաբլոիդներից է, որը հիմնել է հայազգի Գաբրելյանովը:

Վերջինիս ղեկավարած հոլդինգը, իր հերթին, պատկանում է «Նացիոնալնայա մեդիա գրուպպա» ընկերությանը: «Իզվեստիա» թերթի սեփականատերը, փաստորեն, հիշյալ ընկերությունն է եւ «ԼՈՒԿօյլ»-ը:

«Նացիոնալնայա մեդիա գրուպպա»-ի սեփականատերն է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Յուրի Կովալչուկը, եւ այս մեդիա խմբի մեջ են մտնում Առաջին հեռուստաընկերությունը, «Պետերբուրգ» հեռուստաընկերությունը, «ՌԵՆ-ՏեՎե»-ն:

Ռուսաստանյան որոշ աղբյուրներ այս հոլդինգը կապում են Պուտինի անվան հետ` ենթադրելով, որ Ռուսաստանի վարչապետը, ընդօրինակելով իտալացի պաշտոնակից Սիլվիո Բերլուսկոնիին, իր սեփական հսկայական մասնավոր մեդիա ընկերությունն է ստեղծում:

Այսպես, հայտնի լրագրող Ռաֆ Շակիրովը, ով նախկինում տարբեր տարիների ղեկավարել է մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ «Իզվեստիա» թերթը, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության եթերում ասել էր, որ Պուտինը ռուսաստանյան ամենամեծ մասնավոր ընկերությունն է ստեղծում` ոչ թե ընկերություն, որ այս կամ այն պետական կառույցին է պատկանում եւ դրա ենթակայության տակ է, այլ մասնավոր մեդիա ընկերություն:

2007 թվականի փետրվարին, երբ Արամ Գաբրելյանովը նոր էր դուրս եկել ռուսաստանյան մեդիա շուկա, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել էր, թե իր համար` որպես թերթի սեփականատիրոջ, չկան տաբուներ, ինքը կարող է գրել եւ գրում է բոլորի մասին, բացառությամբ մի մարդու` Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի:

«Պուտինի եւ նրա ընտանիքի մասին երբեք որեւէ վատ բան մեր թերթը չի հրապարակել եւ չի հրապարակի», - ասել էր Գաբրելյանովը, ով այսօր ռուսաստանյան մեդիա շուկայի ամենաազդեցիկ դեմքերից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG