Մատչելիության հղումներ

Հայ եւ եվրոպացի մոդելավորողները նորաձեւության միջոցով «կերկխոսեն»


«Նորաձեւության ճանապարհ: Երկխոսություն ճանապարհների խաչմերուկում» ծրագրի մեկնարկը
«Նորաձեւության ճանապարհ: Երկխոսություն ճանապարհների խաչմերուկում» ծրագրի մեկնարկը
«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում չորեքշաբթի մեկնարկել է երկամյա «Նորաձեւության ճանապարհ: Երկխոսություն ճանապարհների խաչմերուկում» ծրագիրը, որը նախաձեռնել են Հայաստանում Եվրամիության գրասենյակը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը:

250 հազար եվրո արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից եւ նպատակ ունի նորաձեւության միջոցով նպաստել եվրոպական երկրների ու ժողովուրդների միջեւ երկխոսությանը:

Այս ծրագրում բացի Հայաստանից ընդգրկված են եւս 5 երկրների մոդելավորողներ` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Դանիայից եւ Չեխիայից: «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում հրավիրված ասուլիսին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ մոդելավորողները արդեն իսկ Հայաստանում եւ բավական հետաքրքիր ծրագիր ունեն առաջիկա 10 օրերի ընթացքում: Այսօր առավոտյան արդեն իսկ սկսվել է մոդելավորողների համատեղ սեմինար պարապմունքը, որտեղ ծանոթանալու են իրենց գործընկերների հետ, նրանց երկրների եւ ազգային տարազների պատմությանը, մշակույթին:

Այնուհետեւ ձեւավորվելու է աշխատանքային հինգ խումբ: Մեկական հայ եւ եվրոպացի մոդելավորողները իրենց համատեղ աշխատանքով կստեղծեն 4-ական զգեստներ: Ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում պիտի ստեղծվի 20 զգեստներից բաղկացած հավաքածու, որը ցուցադրվելու է եվրոպական երկրներում եւ Հայաստանում:

Այսօրվա ասուլիսին ներկա Հայաստանում Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ասաց, թե Միացյալ Թագավորությունը շատ լավ հասկանում է մշակութային կապերի ու առնչության, նաեւ երկխոսության կարեւորությունը:

«Իհարկե, շատ ավելի լավ կարող էր լինել մշակութային երկխոսությունը արվեստի այլ ասպարեզներում` թատրոն, երաժշտություն, կինո, բայց Միացյալ Թագավորությունը նպաստում է նաեւ առավել հանրամատչելի, տվյալ դեպքում հասարակության կողմից շատ պահանջված ժամանակակից մոդելավորման միջոցով երկխոսությանը», - ասաց դեսպանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG