Մատչելիության հղումներ

Գլենդեյլում հայեր են ձերբակալվել հաշվիչների տվյալները կեղծելու մեղադրանքով


Գլենդեյլում հայեր են ձերբակալվել հաշվիչների տվյալները կեղծելու մեղադրանքով:

Էլեկտրականության եւ գազի հաշվիչների տվյալները ավելի քան 10 հազար դոլարի չափով կեղծելու մեղադրանքով Լոս Անջելեսի ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է Բորիս Նազարյանին եւ Գագիկ Ասլանյանին:

Ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցը Glendale News Press-ին ասել է, որ 46-ամյա Բորիս Նազարյանը եւ 55-ամյա Գագիկ Ասլանյանը ձերբակալվել են կոմունալ ծառայություններից գողության մեղադրանքով: Նա ասել է, թե այդ ոլորտում կատարվող գողությունները ամբողջ Կալիֆորնիայում խնդիր են հանդիսանում կոմունալ ծառայություններ մատակարարող ցանկացած ընկերության համար:

Գլենդեյլի Water & Power ընկերության մոտ կասկածներ են առաջացել, երբ նրանք արձանագրել են, որ երկու տներում խիստ կրճատվել է էլեկտրաէներգիայի եւ ջրի օգտագործումը:

Ընկերությունը ստուգումներ է անցկացրել եւ հայտնաբերել է, որ Բորիս Նազարյանը, ըստ մեղադրանքի, փոխել է հաշվիչի տվյալները, որի արդյունքում ավելի քան 3 հազար 300 դոլար է գողացել:

Կոմունալ ծախսերի նույն կրճատումները արձանագրվել են նաեւ Գագիկ Ասլանյանի տանը: Ստուգումները բացահայտել են, որ Ասլանյանի տան հաշվիչում մոնտաժում է կատարվել, որի արդյունքում մատակարարված էներգիայի գումարից 6 հազար 900 դոլար է գողացվել:

Ոստիկանությունը հաշվիչները առգրավել է եւ ուղարկել դատափորձագիտական քննության:

Կոմունալ մատակարարումների գողության համար 4 հազար 700 դոլարի տուգանքներ եւ վճարումներ են նախատեսված:

Կոմունալ ծախսերի կրճատումները արձանագրվել են առնվազն երկու տարի առաջ, բայց չի նշվում, թե երբ է սկսվել հետաքննությունը:

Ոստիկանության սերժանտ Լորենցն ասել է, որ մարդիկ հաճախ կոմունալ ծառայություններից գողություն են կատարում, որ չվճարեն իրենց ծախսերը, կամ` անօրինական քրեական բիզնեսի, այդ թվում մարիախուանայի մշակման լաբորատորիաների համար:

Գլենդեյլի Water & Power ընկերության մամուլի խոսնակ Աթինե Հարությունյանը ասել է, որ ընկերությունը 150 բաժանորդ է հայտնաբերել, որոնք վերջին երկու տարիների ընթացքում կեղծիքներ են կատարել հաշվիչների ցուցիչների տվյալների հետ, գողություն կատարել մատակարարումներից:

Նա հայտնել է, որ հետաքննությունների արդյունքում գողացված գումարներից 42 հազար դոլարը վերականգնվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG