Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «անցնելու է արտահերթ ընտրությունների անցկացման նպատակի իրականացմանը»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Մայիսի 31-ին ազատ արձակված կլինեն բանտարկված բոլոր ընդդիմադիրները, եւ ընդդիմությունը անցնելու է նախ նախագահի, ապա խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման նպատակի իրականացմանը», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Իսկ եթե մինչեւ մայիսի վերջը ազատ չարձակվեն անազատություն մեջ գտնվող բոլոր ընդդիմադիրները, ապա ընդդիմության հանրահավաքների մասնակիցներին այլեւս զերծ չեն պահելու Ազատության հրապարակում նստացույց անելուց:

«Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, նստացույց չի լինի, որովհետեւ վստահ եմ, որ քաղաքական գործընթացները այնպես են գնում, որ այդ օրը` 31-ին, Նիկոլ Փաշինյանն էլ, Սասուն Միքայելյանն էլ ելույթ կունենան: Բայց եթե ոչ` ինձ որեւէ այլ ելք չի մնալու, քան միանալու նստացույցին», - ասաց Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողը պնդեց, որ իրենց հիմնական նպատակը արտահերթ ընտրություններն են. - «2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծումից եւ մարտիմեկյան սպանդի իրականացումից հետո ստեղծված Հայ ազգային կոնգրես համաժողովրդական շարժման հիմնական նպատակն է` երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով ավազակապետության կազմաքանդման եւ լեգիտիմ ընտրությունների միջոցով ժողովրդի առջեւ հաշվետու իշխանության ստեղծումը»:

Դիտարկմանը, որ իշխանությունները բացառում են արտահերթ ընտրությունների անցկացումը, Զուրաբյանը արձագանքեց. - «Բա ի՞նչ պիտի անեն… Կողմերը միշտ էլ այդպես են վարվում. բանակցություններից առաջ իրենց կոշտ դիրքորոշումները արձանագրում են… Դա ոչինչ չի նշանակում, դրան հանգիստ վերաբերվեք»:

Երկխոսությունը, ըստ նրա, ներկա իրավիճակում ձեռնտու է նախեւառաջ իշխանությանը. - «Երկխոսությունը, այնուամենայնիվ, ինչ-որ չափով կկապի մեր ձեռքերը: Դա հնարավորություն կտա իշխանություններին ինչ-որ չափով կայուն պահել իրավիճակը որոշ ժամանակ: Իրենց է պետք, որ հարցերը լուծվեն երկխոսությամբ»:

Լեւոն Զուրաբյանը համոզմունք հնչեցրեց, որ ՀԱԿ-ը հասնելու է իշխանափոխության. - «Մեր ջանքերի պակաս չի լինելու: Մենք կոչ ենք անում ամբողջ հասարակությանը եւ ժողովրդին` գիտակցելու, որ համաժողովրդական շարժման հաջողությունները ամրապնդելու եւ զարգացնելու միակ հնարավորությունը անվերապահ նվիրվածությունն է երկրում ժողովրդավարության հաստատման պայքարին եւ հարյուր հազարավոր մարդկանց ներգրավվածությունը այս խոստումնալից քաղաքական գործընթացների մեջ»:

Հավելենք, որ այսօր Կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է քրեակատարողական վարչության հիվանդանոց եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել նախկին պատգամավոր, 2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի հետ:

Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է նաեւ, որ որ վաղը Լեւոն Տեր-Պետրոսյանը կայցելի կալանավորված ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG