Մատչելիության հղումներ

Մայիսի 4-ի մամուլ


«Երկիր» թերթը գրում է. - «Սերժ Սարգսյանի կողմից ՀԱԿ-ին ուղղված համագործակցության կոչը, ինչպես նաեւ վերջինիս առաջադրած երեք պահանջների փաստացի կատարումը Կոնգրեսին փակուղային վիճակի մեջ է գցել: Ապրիլի 28-ին, ինչպես նաեւ դրանից հետո այս դաշտից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ պատային այդ վիճակից Կոնգրեսը փորձում է դուրս գալ` մի կողմից խաղարկելով, այսպես կոչված, «չարի եւ բարու» միֆերը, մյուս կողմից` «երկխոսություն» հասկացությունը ձեւախեղելու եւ յուրովի մեկնաբանելու միջոցով»:

«Առավոտ»-ի խնդրանքին ի պատասխան` մեկնաբանել երկխոսության դռան կիսաբաց լինելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերավորած արտահայտությունը, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն արձագանքում է. - «Քաղաքականության մեջ ընդունելի չեն ո'չ փակ եւ ո'չ էլ կիսաբաց դռները: Մեր դռները միշտ էլ բաց են եղել, այսօր էլ են բաց, առավել եւս, պիտի նշեմ, որ երկխոսության թեման, չգիտես ինչու, ոմանք դարձրել են փիլիսոփայական կատեգորիա, որը անհասկանալի է: Իսկ ինչի՞ մասին պիտի երկխոսենք: Մենք բազմիցս ենք կրկնել, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, դրա համար չկան հիմքեր: Հիմա էլ ՀԱԿ-ը ներկայացնում է, թե պիտի երկխոսենք արտահերթ ընտրությունների թեմայով: Նորից պաշտոնապես կրկնում եմ` դա չի կարող լինել, քանի որ այսօր արտահերթը հասարակական պահանջ չէ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այս օրերին շատից-քչից քաղաքականությամբ հետաքրքրվողները մի մարդու պես դեմքի լրջագույն արտահայտությամբ մի հարց են քննարկում` տեսնես ինչո՞ւ Կոնգրեսը բարիացավ, բա արժե՞ր ժողովրդին հուսախաբ անել եւ այլն: Պարզ ասած` բոլորը քննարկում են Կոնգրեսի մարտավարության փոփոխությունը: Այսինքն` քննարկում են մի բան, որը տեղի չի ունեցել: Կոնգրեսը ե'ւ 3 տարի առաջ, ե'ւ մեկ տարի առաջ, ե'ւ այսօր նույն բանն է պահանջում` ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատժել մարտի 1-ի ոճրագործներին, բացել Ազատության հրապարակը»: Թերթն այնուհետեւ հարցադրում է անում. - «Ի՞նչ են ակնկալում դաշնակները, «Ժառանգությունը», Տիգրան Կարապետիչը եւ մյուսները, երբ քննարկում են Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումների գոյություն չունեցող փոփոխությունը: Նրանք ակնկալում են, որ Կոնգրեսի առավել վճռական տրամադրություններ ունեցող համակիրները կանցնեն իրենց կո՞ղմը: Բայց դա անհեթեթություն է»:

Մամուլի ազատության օրվա առիթով թերթերն արծարծել են նաեւ մամուլի ազատությանն առնչվող հարցեր:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երեկ մեր մասին շատ խոսեցին: Եվ շատ խոսեցինք: Մեր` լրագրողների ու լրատվամիջոցների մասին: Առիթ կար. մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է եւ, որպես այդպիսին, հռչակվել է 1993-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշմամբ: Առաջինը, ինչ ամենից շատ արծարծվում է «օրվա խորհրդի» առնչությամբ, բնականաբար, հետեւյալ հարցադրում է. Հայաստանում մամուլն ազա՞տ է, թե՞ ոչ, կամ ` կա՞ մամուլի ազատություն մեր երկրում, թե՞ ոչ: «Ֆրիդոմ Հաուս»-ը, օրինակ, վերջին զեկույցում վերստին նշել է, թե Հայաստանը «ոչ ազատ մամուլ» ունեցող երկրների շարքում է: Այդ կարծիքին են նաեւ մեր մի շարք խմբագիրներ ու լրագրողներ, որոնք, ի դեպ, ամեն օր իրենց ներկայացրած կամ ղեկավարած լրատվամիջոցներով միանգամայն ազատորեն արտահայտում են իրենց տեսակետները, գնահատականները: Հետաքրքիր է, բայց փաստ. ամենից հաճախ ու բարձր հենց այդ մարդիկ են բացականչում, թե «Հայաստանում մամուլն ազատ չէ, մամուլի ազատություն չկա»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ո՞ր պատգամավորին են քարկոծում տգիտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի համար: Ո՞ր չինովնիկին են մեղադրում «փող աշխատելու» մեջ: Ո՞ր դատավորին են դատապարտում սխալ ու թերի վճռի համար: Իսկ մեզ՝ լրագրողներիս, կարող են մի սխալ լուրի համար գամել անարգանքի սյունին, մի վրիպումի համար մեղադրել անգրագիտության մեջ, իսկ ինչքան շատ են խոսում «պատվեր կատարելու», էլ չենք խոսում դատ ու դատաստանների մասին, որոնք այնքան հաճախացել են մեր կյանքում: Ամեն դեպքում, կյանքն առանց մամուլի, երկիրն առանց թերթերի, մարդիկ առանց խոսքի ազատության չեն կարող գոյատեւել: Այս իրողության հետ ստիպված են հաշտվել ոչ միայն մեզնից դժգոհ ու մեզ ատող չինովնիկները, այլեւ այն մարդիկ, որոնք երբեւէ թերթ չեն կարդում եւ թերթերի գոյությունը չեն կարեւորում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG