Մատչելիության հղումներ

Freedom House. «ԱՊՀ-ի երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ նախանշաններ չեն նկատվում»


Միջազգային փորձագետների գնահատականներով, ԱՊՀ-ի երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ նախանշաններ չեն նկատվում, ավելին` քաղաքական համակարգը աշխատում է ոչ թե այն արմատախիլ անելու, այլ` ամրապնդելու ուղղությամբ: Համենայն դեպս, այդ է պնդում միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցը` «Կոռուպցիան նախկին Խորհրդային Միության երկրներում եւ Եվրամիության անդամ նոր պետություններում» թեմայով։

«Այս զեկույցում մենք դիտարկել ենք կոռուպցիայի հետ կապված խնդիրները ԱՊՀ-ի երկրներում եւ համեմատել դրանք Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում ստեղծված իրավիճակի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է զեկույցի հեղինակ, Freedom House-ի` հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը եւ մանրամասնում. - «Ուսումնասիրության արդյունքում մենք եկանք եզրակացության, որ ԱՊՀ-ի երկրները վիթխարի խնդիրներ ունեն այս ոլորտում. այնտեղ, կարելի է ասել քաղաքական համակարգը տրամադրված է կոռուպցիայի սատարմանը»։

Անկախ իրավապաշտպան կազմակերպության փորձագետը փաստում է, որ կոռուպցիոն երեւոյթներ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում: «Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այն բավական մեծ խնդիր է նաեւ Չեխիայում», - ընդգծում է Քրիս Ուոքերը` հավելելով. - «Այնտեղ, սակայն, կան ազատ լրատվամիջոցներ, որոնք լուրջ հետաքննություններ են անցկացնում, փաստեր են հայտնաբերում, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ։ Մյուս կողմից, դատական համակարգը, չնայած առկա թերություններին, կատարելագործվում է. երիտասարդ դատավորներ են ի հայտ գալիս, որոնք աղմկահարույց գործեր են քննում եւ որոշումներ կայացնում` առանց իշխանության այս կամ այն թեւին ենթարկվելու։ Մինչդեռ նախկին Խորհրդային Միության երկրներում դատավորները ծառայում են որպես գործիք` գործադիր իշխանության չարաշահումների համակարգը պահպանելու, եւ ոչ թե դրա դեմ պայքարելու համար»։

«Իսկ ի՞նչ եք կարծում` նախկին Խորհրդային Միության երկրների եւ Արեւելյան Եվրոպայի միջեւ առկա այս տարբերությունները ժամանակի ընթացքում կկրճատվե՞ն, թե՞ է'լ ավելի կխորանան», - այս հարցին անկախ փորձագետը պատասխանել է. - «Դժվար է կանխատեսումներ անել։ Սակայն կարելի է պնդել, որ Եվրամիության չափանիշներին ու նորմերին համապատասխանելու` նոր անդամների նկրտումները նրանց իշխանություններին խթանում են շարունակել սկսված բարեփոխումները։ Մինչդեռ ԱՊՀ-ի երկրներում անգամ տեսանելի նախանշաններ չկան, որ քաղաքական իշխանությունը կամ քաղաքացիական հասարակությունը ուզում է, կամ կարող է այդպիսի հիմք ստեղծել»։

«Նորմալ քաղաքական միջավայրում քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները առանցքային դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարում։ Մինչդեռ ետխորհրդային պետությունների մեծ մասում դրանք անգործության են մատնված», - ասել է Freedom House-ի` հետազոտությունների գծով տնօրենը եւ ընդգծել. - «Քաղաքական իշխանությունը, պետական կառույցները ուժասպառության են հասցրել այդ ինստիտուտները, ինչը վատ է ե'ւ ողջ հասարակության, ե'ւ առանձին քաղաքացու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG