Մատչելիության հղումներ

Ռուսաստանի թիմը լրջորեն է պատրաստվում երեւանյան հանդիպմանը


Երեւանը Հայաստան - Ռուսաստան հանդիպման նախօրեին
Երեւանը Հայաստան - Ռուսաստան հանդիպման նախօրեին

Ուրբաթ կեսօրին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանում է Երեւան:

Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում շաբաթ օրը Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան հանդիպմանը նախորդած մարզումներին, որոնցից վերջինը տեղի ունեցավ հինգշաբթի օրը Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտի պահեստային մարզադաշտում, մասնակցեցին ռուսական ֆուտբոլի գրեթե բոլոր աստղերը, այդ թվում «Արսենալ»-ի հարձակվող Անդրեյ Արշավինն ու «Տոտենհեմ»-ում խաղացող Ռոման Պավլյուչենկոն:

Ռուսական թիմի մարզչական շտաբի մտավախությունները հիմնականում հավաքականի անդամների մարզավիճակին են վերաբերում: Արտերկրում խաղացող ռուս ֆուտբոլիստները բավական հոգնած են, քանի որ աշուն - գարուն մրցակարգով ընթացող եվրոպական առաջնությունները մոտենում են ավարտին: Ռուսական Պրեմիեր լիգայում, հակառակը, մրցաշրջանը նոր է մեկնարկել, եւ ֆուտբոլիստները դեռ չեն հասցրել պատշաճ մարզավիճակ ձեռք բերել:

«Այժմ այնքան էլ էական չէ, թե ինչ արդյունքի կհասնենք: Պարզապես հարկավոր է դուրս գալ խաղադաշտ եւ այնպես մրցել, որ հնարավոր լինի հասնել մեր ուզած արդյունքին, այսինքն` հաղթանակի», - նշել է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Իգոր Սեմշովը:

Ռուսական մամուլում վերջին շրջանում շատ են գրում, որ Հայաստանի հավաքականն այս ընտրափուլի ամենամեծ անակնկալները մատուցեց: Որոշ ռուս մեկնաբաններ նույնիսկ համոզված են, որ շաբաթ օրը Երեւանում կայանալիք հանդիպումը որոշիչն է լինելու Ռուսաստանի համար:

Հակադարձելով այս պնդումներին` Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին ղեկավար, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը «Սպորտ-Էքսպրես» պարբերականին տված հարցազրույցում ասել է. - «Ես կարծում եմ, որ այն հիացմունքը, որ առկա է Հայաստանի հավաքականի հանդեպ, չափազանցված է: Մենք կպարտվենք միայն մի դեպքում` եթե վազելու փոխարեն մեր ֆուտբոլիստները դաշտում պարզապես քայլեն: Եթե մեր հավաքականը հանդես գա այնպես, ինչպես խաղում էր Իռլանդիայի հետ հանդիպման առաջին 60 րոպեներին, ապա Հայաստանի հավաքականից մենք քարը քարին չենք թողնի»:

Ռուսաստանի հավաքականի հոլանդացի մարզիչ Դիկ Ադվոկատի խոսքով էլ` կարեւորը այն հոգեվիճակն է, որով ռուս ֆուտբոլիստները դուրս կգան դաշտ:

«Մեզ համար այնքան էլ էական չէ, թե ինչպես են գործում մրցակիցները: Կարեւորը` թե ինչ մոտեցում կցուցաբերենք մենք եւ ինչ ֆուտբոլ կցուցադրենք: Պետք է խաղալ ագրեսիվ եւ արագ ֆուտբոլ», - ասել է Ադվոկատը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG