Մատչելիության հղումներ

WikiLeaks. «2003-ին Թուրքիան կանգնած էր ռազմական հեղաշրջման վտանգի առջեւ»


«2003 թվականի գարնանը թուրքական բանակի վեց գեներալներ պատրաստվում էին հատուկ հայտարարությամբ հանդես գալ` պահանջելով Զինված ուժերի Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Հիլմի Օզքոքի հրաժարականը», - վկայում է WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթուղթը:

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Պիրսոնը Վաշինգտոն ուղարկված գաղտնի հաղորդագրության մեջ գրում է. - «Վեց բարձրաստիճան հրամանատարները համոզված են, որ գեներալ Օզքոքը չափազանց մեղմ դիրքորոշում է որդեգրել Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կառավարության հանդեպ: Տեղեկություններ կան, որ գեներալները պատրաստվում են հատուկ հռչակագիր հրապարակել, որով պահանջելու են Գլխավոր շտաբի պետից կա'մ հրաժարական ներկայացնել, կա'մ էլ կարծրացնել դիրքորոշումը կառավարության հանդեպ»:

Hurriyet-ը նկատում է, որ WikiLeaks-ում հրապարակված այս փաստաթուղթը անուղղակիորեն գալիս է հաստատելու թուրքական դատախազության այն մեղադրանքները, որ բանակային հրամանատարության մի մասը 2003 թվականին պատրաստվում էր երկրում պետական հեղաշրջում իրականացնել: Պարբերականը նաեւ նշում է, որ դավադրության ետեւում կանգնած եւ ամերիկյան դեսպանի կողմից մատնանշված գեներալներից երկուսը այսօր անցնում են «Էրգենեկոն» ընդհատակյա ցանցի գործով:

Հակաիսլամիստական տրամադրություններով աչքի ընկնող գեներալներից եւս մեկը` 1-ին բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը, հեղաշրջման մասին մեկ այլ` «Բայլյոզ» գործողության քրեական գործի գլխավոր կասկածյալն է: Թուրք իրավապահները պնդում են, թե Դողանը իրեն հավատարիմ մի շարք զինվորականների հետ պատրաստվում էր ահաբեկչական գործողությունների միջոցով ապակայունացնել իրավիճակը Թուրքիայում` բանակի միջամտությունը քաղաքական կյանքին ապահովելու համար:

Գաղտնազերծված փաստաթղթում ամերիկացի դեսպանը նկատում է, որ Զինված ուժերի հրամանտարության կազմում, փաստորեն, մի քանի խմբավորումներ են ի հայտ եկել, որոնց միջեւ ակտիվ կուլիսային պայքար է ընթանում:

Նման ստվերային պայքարի ամենավառ ապացույցներից մեկը, ըստ դեսպանի, 2005-2008 թվականները Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած գեներալ Յաշար Բույուքանըթի դիրքորոշումն է, ով, ըստ Պիրսոնի, «երկակի խաղ էր տանում»:

Բնութագրելով այն տարիների Թուրքիայում տիրող ընդհանուր քաղաքական մթնոլորտը` ամերիկացի դիվանագետը նկատել է. - «Քեմալիստական վերնախավը` զինվորականությունը, նախագահի աշխատակազմը, լրագրողական եւ գիտական շրջանակաների մի զգալի մասը, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչներն ու ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը համոզված են, որ իշխող կուսակցությունը ոչ կոմպետենտ է, եւ ընկալում են այն որպես իսլամիստական գաղափարների ջահակիր»:

«Մյուս կողմից` սոցիալական այն փոփոխությունները, որ տեղի են ունենում երկրում, բանակային հրամանատարության մոտ մտավախություն են առաջացրել, որ Զինված ուժերը կորցնում են իրենց երբեմնի ամուր դիրքերը», - 2003 թվականի հունիսի 6-ին գրված գաղտնի հաղադրագրության մեջ նշել է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG