Մատչելիության հղումներ

Օսկանյանը նախագահին կոչ է անում այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը կոչ է անում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այցելել արդեն ութ օր հացադուլ անող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հորդորել նրան դադարեցնել հացադուլը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին եւ հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա կարծում եմ` Հանրապետության նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաեւ ելք կլինի ստեղծված իրավիճակից», - ասվում է այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

Ըստ Օսկանյանի` հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի (ով հաստատակամ է շարունակել իր քաղաքացիական բողոքը) առողջության վրա, եւ դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:

«Անկասկած, իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը եւ հեռանկարի բացակայությունը», - ասվում է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG