Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման հիմքում է


Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները չորեքշաբթի օրը քննարկեցին «Հանրային իրազեկման» փաստաթղթի նախագիծը:

Ընդունվելու եւ հրապարակվելու դեպքում 15 բաժիններից բաղկացած այդ փաստաթուղթը պետք է հասարակությանը եւ միջազգային կառույցներին ներկայացնի, թե իր պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում Հայաստանն ինչ քայլեր է ձեռնարկելու, որ սպառնալիքներ են դիտվելու առաջնային, ինչպես են վերակազմավորվելու Հայաստանի զինված ուժերը եւ այլն:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ասաց, թե ներկայում իրականացվող Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման հիմքում ընկած է Ղարաբաղյան խնդիրը (դեռեւս 2007 թվականին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության համաձայն եւս` Հայաստանի ազգային անվտանգության խնդիրն է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը):

Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ` պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքների ժամանակ Հայաստանի անվտանգության սպառնալիքները եւ դրանց հետագա հնարավոր զարգացումները բաժանվել են երկու հիմնական տարբերակի. առաջին` եթե միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում Ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվում եւ երկրորդ` եթե այն կարգավորվում է, որից հետո Հայաստանը ձեռնամուխ կլինի իր պաշտպանության ռազմավարական նոր վերանայմանը:

«Սա ցույց է տալիս մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի զարգացման ուղղվածությունը քարացած չէ, եւ մենք լրջորեն դիտարկում ենք ՀՀ զինված ուժերի զարգացման այլընտրանքային ուղիները, եթե բարելավվի Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը», - ասաց Տոնոյանը:

Տոնոյանը, իր խոսքում մեջբերելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ընդգծեց, թե Հայաստանը շեշտը դնելու է «խելացի պաշտպանության կազմակերպման վրա»:

«Չի բացառվում, որ ապագայում կարիք լինի իրականացնել նոր վերանայում, սակայն պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները կարելի է համարել իրատեսական, եթե անվտանգության միջավայրում բեկումնային փոփոխություններ չլինեն», - ասաց նա:

Դավիթ Տոնոյանը համոզմունք հայտնեց, թե Հայաստանը իր պաշտպանության ռազմավարական վերանայումը ավարտելուց եւ այդ նոր մոտեցումը կյանքի կոչելուց հետո կլինի առավել անվտանգ, ինչը իր դերը կունենա տնտեսության զարգացման եւ արտաքին ներդրումների ավելացման գործում:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ներկա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, թե Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները շուտով կավարտվեն եւ կսկսվի դրանց կյանքի կոչումը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը բարեփոխումների արդյունքում կունենա առավել մարտունակ, կազմակերպված զինված ուժեր, որը «անհրաժեշտության դեպքում կարող է արժանապատվորեն պաշտպանել հայրենիքի անվտանգությունը»:

Բաղդասարյանի խոսքով` առաջիկայում Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում քննարկվելու է ռազմական արդյունաբերության հայեցակարգը:

please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG