Մեղադրանքը կտրականապես հերքող նախկին նախագահը լսելով դատավճիռը` սկսել է լաց լինել եւ բղավել է. - «Սա ստերի հաղթանակն էր»։
Մոշե Կացավի փաստաբան Զիոն Ամիրն ասել է, որ վճիռն իր համար անսպասելի չէր։ «Սա շատ տխուր օր է, Իսրայելի հասարակության համար սգո օր»,- ասել է փաստաբանը։
Մոշե Կացավը անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին մեղավոր էր ճանաչվել 1998 թվականին` զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցնելու օրոք, մի կին ծառայողի երկու անգամ բռնաբարելու, ինչպես նաեւ 2000-2007 թվականներին` արդեն նախագահի պաշտոնում, երկու այլ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։
Կացավը 2007 թվականի հուլիսի 1-ին ստիպված հրաժարական է ներկայացնել։ Այդ սկանդալային պատմությունը ի վերջո հանգեցրել է նաեւ վարչապետ Էհուդ Օլմերտի պարտությանը։
Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ասել է, որ Թել Ավիվի դատարանի վճիռը «ամոթ ու հպարտություն է հարուցում»։
«Սա հատուկ օր է Իսրայելի համար։ Տխրության եւ ամոթի, բայց նաեւ երկրի արդարադատության համար հպարտանալու օր։ Դատարանը գործել է շատ պարզ սկզբունքով` «օրենքի առջեւ բոլորն են հավասար»: Այո, ոչ ոք չի կարող օրենքից վեր կանգնել»,- ասել է Նեթանյահուն։
Իրանում 1945 թվականին ծնված Մոշե Կացավը Իսրայելի պատմության ընթացքում եղել է ամենաերիտասարդ քաղաքապետը` նա 24 տարեկանում է ընտրվել Կիրյատ Մալախի ավանի ղեկավար։
Ապա Լիկուդ կուսակցության անդամ Կացավը մի շարք բարձ պաշտոններ է զբաղեցրել։ 2000 թվականի օգոստոսի 1-ին նա դարձել է եվրոպական ծագում չունեցող առաջին պետական այրը, ով ընտրվել է Իսրայելի նախագահ։
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները ողջունել են Թել Ավիվ դատարանի վճիռը։