Մատչելիության հղումներ

Խորհրդարանը սկսեց քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները


Ազգային ժողովում այսօր մեկնարկեցին Ընտրական օրենսգրքում կոալիցիոն ուժերի առաջարկած փոփոխությունների քննակումները:

Ներկայացնելով օրինագիծը` խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունների հիմքում դրված են միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում տեղ գտած դիտարկումները:

Առաջարկվում է, մասնավորապես, փոփել ընտրական հանձնաժողովիների ձեւավորման կարգը: Ըստ այդմ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 7 անդամներին (ներկայացված 15 թեկնածուներից) նշանակում է երկրի նախագահը: Թեկնածուներին առաջադրում են Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները: Ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներին նշանակում է ԿԸՀ-ն:

Այժմյան կարգը, ըստ որի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, կշարունակի գործել միայն տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

Փոփոխություններով սահմանված է նաեւ ընտրական հանձնաժողովի անդամի ետկանչի մեխանիզմը: Փորձ է արվել կանոնակարգել նաեւ բարեգործության հարցը:

«Կային բազմաթիվ հարցադրումներ, որ բարեգործության անվան տակ իրականացվում է քարոզոչություն», - ասաց Հարությունյանը` շարունակելով. - «Ուստիեւ առաջարկվում է նոր մոտեցում, համաձայն որի բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել, կամ որոնք կարող են ասոցիացվել որոշակի կուսակցություններին, թեկնածուներին կամ կուսակցությունների դաշինքին, նրանք նախընտրական քարոզչության ժամանակ իրավունք չունեն իրականացնելու բարեգործություն»:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ թեկնածուի առկայության դեպքում նոր ընտրությունները կնշանակվեն: «Որպեսզի մենք միշտ հնարավորություն ունենանք ապահովելու այլընտրանք», - փաստարկեց Դավիթ Հարությունյանը:

Մինեւնույն ժամանակ` բանակը կրկին քվեարկելու է, ընտրության օրը տեղամասերում անընդմեջ տեսանկարահանում իրականացնելը «նպատակահարմար չէ», «ընտրությունից հետո ընտրական ցուցակները ենթակա չեն հրապարակման»:

Անցած մի քանի ընտրություններից հետո բարձրացված այս մտահոգիչ հարցերը նախագծում լուծում չեն ստացել: Հարությունյանը զինվորներին ընտրական իրավունքից զրկելը համարում է սխալ, քվեարկության ողջ օրվա նկարահանումը` ծախսատար, ընտրական ցուցակների չհրապարակումը` ընտրության գաղտնիությունը ապահովելու միջոց:

Կառավարության ներկայացուցիչ` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գնահատմամբ` փոփոխությունները դրական են եւ թույլ կտան խուսափել շատ ու շատ ընտրախախտումներից. - «Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ միջազգային կառույցները, որ ընտրական օրենսդրության բարելավումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու [համար]: Բայց այս առումով դրական փոփոխություններն ու դրական տեղաշարժերը էական են»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, մերժել էր իշխանությունների ներկայացրած առաջարկությունների շուրջ Ազգային ժողովում կազմակերպված քննարկումներին մասնակցելու հրավերը` պատճառաբանելով, թե իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, իբր բոլոր կեղծիքները, որ տեղի են ունեցել նախագահական, խորհրդարանական եւ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում, հետեւանք են օրենսդրական անկատարության:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացրած այլընտրանքային նախագիծը նույնպես քննարկվելու է Ազգային ժողովում:

ՀՅԴ-ի խորհրդարական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «իմիտացիա» որակելով կոալիցիայի նախաձեռնությունը, պնդեց, թե այն չի բացառում նոր «մարտի մեկերը»:

«Միայն այն, որ վերահսկելի քվեարկությունների դեմ եւ բազմակի քվեարկությունների դեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձեւակերպել է պահանջ եւ այս փոփոխություններով կոալիցիան չի լուծել հարցը, դա արդեն խոսում է այն մասին, որ մնացած փոփոխությունները ամբողջությամբ իմիտացիոն բնույթ են կրում», - փաստարկեց պատգամավորը:

Խորհրդարանը սկսեց քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG