Մատչելիության հղումներ

Տեղեկատվական անվտանգության մակարդակը Հայաստանում անցած տարի էականորեն բարելավվել է


2010 թվականին Հայաստանում էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգության մակարդակը: Սա արձանագրվել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստում:

Այս ոլորտում լիազոր մարմին ճանաչված Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) չեզոքացրել է 2010 թվականին պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի վրա կատարված հարձակումները, որոնք շատ տարածված էին 2008-2009 թվականներին:

Հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ 2010 թվականին էականորեն բարելավվել է նաեւ բազմաշերտ ինտերնետի տարածվածության մակարդակը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում բազմաշերտ ինտերնետի մեծածախ գինը նվազել է շուրջ 6 անգամ` 900 դոլարից հասնելով 150-ի, եւ կարծում եմ` դեռ կան թե' գների նվազեցման, թե' շուկայի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերի իրականացման ռեսուրսներ, ինչը հնարավորություն կտա հանրապետության ողջ տարածքում ապահովել որակյալ ինտերնետ ծառայություններ», - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` ասել է Արթուր Բաղդասարյանը եւ հավելել. - «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էականորեն բարելավվել է նաեւ ցանցային պատրաստվածության աստիճանը, այսօր շուկայում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք բավական որակյալ ծառայություններ են մատուցում, ինչը վկայում է, որ ոլորտում մրցակցության զարգացումը հնարավորություն է տալիս ե'ւ որակը բարձրացնել, ե'ւ գները նվազեցնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG