Մատչելիության հղումներ

Լիբիայում թռիչքազերծ գոտին արդեն սահմանված է


Լիբիա - Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի կողմնակիցների մեքենաների ռմբահարումը կոալիցիոն ուժերի կողմից, 20-ը մարտի, 2011թ.
Լիբիա - Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի կողմնակիցների մեքենաների ռմբահարումը կոալիցիոն ուժերի կողմից, 20-ը մարտի, 2011թ.
Ըստ ամերիկացի եւ եվրոպացի զինվորականների, գնդապետ Մուամար Քադաֆիի հետեւակը դադարեցրել է արշավը ապստամբների կենտրոն Բենգազի քաղաքի վրա։

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի միավորված շտաբերի պետ, ծովակալ Մայքլ Մյուլենը հաղորդել է, որ Լիբիայի ուժերի դեմ ռազմական գործողությունների առաջին փուլը հաջողությամբ է ավարտվել։

ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների համատեղ իրականացրած օդային հարվածների արդյունքում Քադաֆիի հակաօդային պաշտպանության համակարգերը մեծ վնաս են կրել։

Միացյալ Նահանգներն ու եվրոպացիները Լիբիայում արդեն հաստատել են թռիչքազերծ գոտու ռեժիմը, ինչը բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1976 բանաձեւից։ Ընդ որում, ռեժիմը գործում է ոչ միայն օդային տարածքում, այլեւ այդ երկրի տարածքային ջրերի շրջանում։

Քադաֆիի վարչակազմի ներկայացուցիչները հաղորդել են, որ արեւմտյան ուժերի իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 64 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ։

Գնդապետ Քադաֆին հայտարարել է, թե «ժողովուրդը հերոսաբար դիմագրավելու է ֆաշիստական ռեժիմների հարձակումը եւ մահացու հակահարված է հասցնելու»։

Մուամար Քադաֆին կարգադրել է զենք բաժանել շարքային բնակիչներին, ովքեր, ինչպես պաշտոնական Տրիպոլին է պնդում, «մինչեւ արյան վերջին կաթիլը պաշտպանելու են երկիրը խաչակիրներից»։

Արաբական լիգայի նախագահ Ամր Մուսան կիրակի օրը ասել է, որ «դաշնակիցները գերազանցել են ՄԱԿ-ի Անվտանգության բանաձեւով տրամադրված լիազորությունների սահմանը»։

Արեւմտյան դաշինքի գործողության հիմնական թիրախը Լիբիայի հակաօդային պաշտպանության համակարգն էր, սակայն, «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բենգազիի մոտակայքում կան օդային հարվածների արդյունքում ոչնչացված բազմաթիվ հրասայլեր եւ զրահամեքենաներ։

Ենթադրվում է, որ անցած մի քանի շաբաթվա ընթացքում Քադաֆիին գահընկեց անելու համար ընդդիմության մղած պայքարում մի քանի հազար մարդ է սպանվել։ Քադաֆին ավելի քան 40 տարի է ղեկավարում Լիբիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG