Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահն առաջարկեց դիպուկահարներին հեռացնել շփման գծից


Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարաությունում նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց, թե «ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով եւ որեւէ այլընտրանք չկա դրան»:

«Եթե դուք ցանկանում եք բանակցություններում առաջընթաց ունենալ, նախեւառաջ դուք պետք է կրճատեք լարվածությունը: Եթե դուք խաղաղություն եք ցանկանում, դուք չեք կարող զենքերն ուղղել միմյանց դեմ: Եկեք դիպուկահարներին հեռացնենք շփման գծից, եկեք ստեղծենք 24 ժամ գործող թեժ գիծ: Կարծում եմ, որ եթե այս միջոցառումներն իրականացվեն, կօգնեն կրճատել լարվածությունը: Իսկ եթե լարվածությունը կրճատվի, այն կօգնի բանակցություններում հաստատել ավելի խաղաղ, ավելի ջերմ մթնոլորտ», - ասաց Աժուբալիսը:

Քիչ անց Աժուբալիսը մանրամասնեց, թե ինքը հայկական կողմին առաջարկել է միակողմանիորեն ետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ինչը «բարի կամքի դրսեւորման լավ օրինակ կլիներ»:

Էդվարդ Նալբանդյանը, նշելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, Աժուբալիսի այս առաջարկին այսպես արձագանքեց. - «Ես կցանկանայի հիշեցնել, որ վերջին երկու տարիներին դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչերը, ինչպես եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները թե' Հայաստանը, թե' Ղարաբաղը պաշտպանել են»:

Այսօր Երեւանում Աժուբալիսը հանդիպում ունեցավ նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում Սահակյանը եւս անդրադարձավ այս հարցին:

«Այդ եւ նման առաջարկները կարող են տեղ գտնել այն դեպքում, երբ կողմերը ցուցաբերեն կառուցողական մոտեցում: Մենք այսօր հիմք ունենք հայտարարելու, որ Ադրբեջանը արդեն այս տարիների ընթացքում մի քանի անգամ խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ նման իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ պարոն Աժուբալիսի առաջարկությունը ընդունելու», - ասաց Բակո Սահակյանը:

ԵԱՀԿ գործող նախագահն այսօր հանդիպել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցած ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր մտահոգությունն է հայտնել այն առանչությամբ, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) պատշաճ կերպով չի իրականացնում իր հիմնական առաքելությունը: Ընդդիմության առաջնորդը, Կարապետյանի խոսքով, նկատել է, որ ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչի վերջին 3 այցելությունների ժամանակ հանդիպում չի եղել ընդդիմության ներկայացուցիչների հետ, եւ Հայաստանում առկա խնդիրները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին միակողմանիորեն են ներկայացվել` միայն իշխանությունների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG