Մատչելիության հղումներ

Վարչապետն ամփոփեց Բրյուսել կատարած իր այցը


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրախորհրդի Արտաքին հարցերի հանձնաժողովում, 16 մարտ, 2011
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը կառավարության նիստում, անդրադառնալով մարտի 15-17-ը իր Բրյուսել կատարած աշխատանքային այցին, ասաց, թե Հայաստանի կառավարությունն ունի լիակատար եւ բազմակողմանի աջակցություն Եվրամիության բոլոր կառույցների կողմից:

Վարչապետի խոսքով` Եվրամիության աջակցությունը լրջագույն հնարավորություն կտա Հայաստանի կառավարությանը 2011 թվականին նոր թափ հաղորդել այն բարեփոխումներին, որոնք իրականացնում է Հայաստանը:

«Մեզ առաջարկվում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից: Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչություններ համագործակցությունը համապատասխան կառույցների հետ», - ասաց վարչապետը` հավելելով, որ դա նշանակում է, որ նախարարները պետք է անմիջական կապի մեջ լինեն Բրյուսելի իրենց գործընկերների հետ:

Տիգրան Սարգսյանի խոսքով` հայ նախարարները այդ կապերը պետք է օգտագործեն այնպես, որ մի կողմից Հայաստանի համար հասանելի լինեն այդ գործիքները, մյուս կողմից ավելի ճշգրիտ ներկայացվեն այն խնդիրները եւ առաջնահերթությունները, որ ունեն Հայաստանի գերատեսչությունները: Ըստ նրա` առաջնային պետք է լինեն այն բարեփոխումները, որոնց արդյունքում Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվեն ավելի բարձր կենսամակարդակ ունենալու հնարավորություններ:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ խնդիրներ է տեսնում Եվրամիության առաջարկած ծրագրերի իրականացման տեսանկյունից:

«Այդ բոլոր ծրագրերի արդյունքը հակիրճ կարելի է ձեւակերպել այսպես` Հայաստանը պետք է ավելի մոտ լինի Եվրամիության անդամ երկրի մոդելին: Թե' սոցիալական, թե' տնտեսական, թե' քաղաքական եւ հատկապես մարդու իրավունքների տեսակետից Հայաստանը ամեն օր հեռանում է Եվրամիության չափանիշներից», - ասաց Իգիթյանը` հավելելով, որ Հայաստանը չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունը քայլեր է անում այդ ճանապարհին, Իգիթյանը պատասխանեց. - «Որոշ դեպքերում [կառավարությունը] չի կարող, այն ուժը չունի, որը թույլ կտա իրեն բոլոր տնտեսական եւ կոռուպցիոն եւ մենաշնորհային հարցերը լուծել, բայց որոշ դեպքերում, իհարկե, իշխանությունը չի ուզում, որովհետեւ այն մոդելը, որ այսօր ստեղծվել է Հայաստանում, թույլ է տալիս այս համակարգին, թիմին, խմբին հավերժ տիրել Հայաստանում: Եթե Հայաստանում եվրոպական մոդել ստեղծվի, այսօրվա իշխանությունը մի ժամ չի մնա Հայաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG