Մատչելիության հղումներ

ԼՂ հարակից տարածքներում դիտարկման եզրակացությունը ներկայացվում է հակամարտ կողմերին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (աջից), Ռոբերտ Բրադկեն (կենտրոնում), Իգոր Պոպովը
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (աջից), Ռոբերտ Բրադկեն (կենտրոնում), Իգոր Պոպովը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Հայաստանի նախագահին ներկայացնելու են անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում անցկացրած դիտարկման եզրակացությունը: Այս փաստաթուղթը արդեն ներկայացվել է Ադրբեջանի նախագահին:

Ադրբեջանական կողմի առաջարկով ԵԱՀԿ-ի դիտարկման խումբը 2010 թվականի հոկտեմբերին ուսումնասիրություն էր անցկացրել Ղարաբաղի հարակից տարածքներում:

Համանախագահները մարտի 15-ին ժամանել էին Բաքու, որտեղից երեկոյան ուղեւորվել են Երեւան։

Մեկնելիս` Բաքվի օդանավակայնում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, որ Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներում քննարկվել են Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները, ԵԱՀԿ-ի դիտարկման խմբի զեկույցը եւ դիպուկահարների հեռացումը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծից։

Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում անցկացրած դիտարկման խմբի եզրակացությունը փոխանցել են Ադրբեջանի նախագահին, բայց փաստաթղթի մանրամասները չի հայտնել:

«Մենք որոշել ենք չհրապարակել զեկույցը, քանի դեռ բոլոր կողմերը չեն ծանոթացել փաստաթղթի բովանդակությանը, որից հետո համանախագահները եւ կողմերը զեկույցի բովանդակությունը կքննարկեն հաջորդ հանդիպմանը», - ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:

Բեռնար Ֆասիեն հայտնել է, որ Ղարաբաղին սահմանամերձ ադրբեջանական գյուղում իննամյա տղայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունն արդեն սկսվել է։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ մարտի 8-ին իննամյա Ֆարիզ Բադալովը զոհվել է հայկական կողմից արձակված գնդակից, մինչդեռ Ղարաբաղը հերքում է այս մեղադրանքը` պնդելով, թե հայկական կողմից կրակոց չի եղել, եւ Ադրբեջանը տղայի մահը օգտագործում է քարոզչական նպատակներով:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը ընդգծել է. - «Մենք միշտ ասել ենք, որ անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի պայմանագիրը։ Արդեն ավելի քան երկու տարի կողմերին խնդրում ենք հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Եթե մեզ լսեին, այսպիսի միջադեպեր չէին լինի»:

Մարտի 10-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով զոհվել էր ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայող Արթուր Աղաբաբյանը: Ղարաբաղը հայտարարել է, որ այս միջադեպը Սոչիի հանդիպման պայմանավորվածությունների կոպիտ խախտում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG