Մատչելիության հղումներ

Նոր պայթյուն Ֆուկուշիմայի ատոմակայանում


Ռադիացիայի մակարդակը ատոմակայանի շրջակայքում հասել է վտանգավոր աստիճանի։

Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես ծանուցել են, որ Ֆուկուշիմայի ատոմակայանի շրջակայքում ճառագայթման աստիճանն այլեւս վտանգավոր է մարդկանց համար։

Սահմանվել է պարտադիր տարհանման գոտի 20 կիլոմետր շառավիղով։ Շուրջ 140 հազար բնակիչների, ովքեր գտնվում են 20-30 կիլոմետրանոց շրջանում` իշխանությունները կոչ են անում դուրս չգալ շենքերից եւ ձեռնարկել պաշտպանության լրացուցիչ միջոցներ, մասնավորապես, խմել յոդ պարունակող ջուր։

Վարչապետ Նաոտո Կանը հեռուստատեսությամբ դիմել է հայրենակիցներին` ասելով, որ իշխանությունները ամեն ինչ անում են իրավիճակը հսկողության տակ պահելու համար եւ հորդորել է զգոն լինել։


«Ռադիացիան այդ ռեակտորներից տարածվել է, ցուցանիշը շատ բարձր է եւ կա ճառագայթող նյութերի նոր արտաժայթքման մեծ վտանգ»,- ասել է վարչապետը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, ճապոնացի մասնագետները ստեղծված պայմաններում բարձրագույն պրոֆեսիոնալիզմ են դրսեւորում։

Այսօր ավելի վաղ թիվ 2 ռեակտորում պայթյուն է տեղի ունեցել։ Դա արդեն երրորդ պայթյունն է. առաջինը տեղի է անցած շաբաթ օրը թիվ 1 ռեակտորում, իսկ երկրորդը երեկ որոտացել է թիվ 3 ռեակտորում։ Թիվ 4 ռեակտորում հրդեհ է բռնկվել, սակայն հրշեջներն այն, բարեբախտաբար, մարել են։

Այնուամենայնիվ հրհեդի ընթացքում ճառագայթող նյութեր են արտանետվել, այդ մասին տեղեկացրել է կառավարության ավագ քարտուղար Յուկիո Էդանոն։


«Կասկած չկա, որ ռադիացիայի այս աստիճանը վնասակար է մարդկանց համար»,- ասել է Էդանոն։ Նա նաեւ մի նոր վատ լուր է հայտնել` թիվ 5 եւ թիվ 6 ռեակտորների հովացման համակարգերի աշխատանքը, կարծես թե, սկսում է խափանվել։

Ատոմակայանի մասնագետները ծովի ջուրն ուղղում են ռեակտորներ, փորձելով այդպես կանխել ամենավտանգավոր զարգացումը` միջուկային ձողերի հալումը, քանի որ հալված վիճակում դրանք շատ արագ կխառնվեն արտանետումներին եւ շատ կարճ ժամանակահատվածում կաղտոտեն երկրի տարածքը։

Այսօրվա դրությամբ երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը գերազանցում է 2700-ը, ենթադրվում է, որ այն կհասնի առնվազն 10 հազարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG