Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հանդիպեց բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ


Ազգային ժողովի նախագահը եռօրյա աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում է` հանդիպելու տեղի խորհրդարանական գործընկերների հետ: Բայց մինչ այդ` կիրակի երեկոյան, խոսնակը հանդիպեց բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հայաստանը ճիշտ ներկայացնել բրիտանացիներին ու խորացնել կապերը բրիտանական խորհրդարանի հետ», - Հովիկ Աբրահամյանի խոսքով սա իր Լոնդոնյան այցի նպատակը:

Ազգային ժողովի նախագահի նշեց, որ Բրիտանիան միջազգային ատյաններում հաճախ է սատարում Ադրբեջանին` քանի որ, նրա խոսքով, Ադրբեջանը նավթադոլարներ ունի: Մյուս կողմից, Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը պասիվ է եղել Բրիտանիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում եւ իր այցը նպատակ ունի նոր փուլ սկսելու:

«Որ հանդիպենք, կտեսնեք, որ կստեղծվեն ջերմ հարաբերություններ: Մենք փորձելու ենք Համայնքների պալատի նախագահին, Լորդերի պալատի նախագահի հրավիրել Հայաստան, որպեսզի իրենք պատկերացում ունենան հայ ժողովրդի մասին», - մանրամասնեց Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Նրա կարծիքով, եվրոպացիները խեղված պատկերացումներ ունեն Հայաստանի ու Ղարաբաղի մասին:

«Իրենք գիտեն, թե Ղարաբաղում ավտոմատներով, տանկերով վայրենի ժողովուրդ են ապրում: Բայց որ մենք պատգամավորներին հրավիրում ենք, մարդիկ գալիս տեսնում են` պետություն, պառլամենտ, երեխաներ, բանակ, ազատություն` զարմանում են», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին` վստահեցնելով ներկաներին, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց քանի դեռ Թուրքիան չի վավերացրել արձանագրությունները, հայկական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկի:

Ներկաները հարցեր տվեցին նաեւ Հայաստանի ներքին խնդիրների` տնտեսության, երկպալատ խորհրդարանի գաղափարի, շրջանների զարգացման ու կոռուպցիայի մասին: Խորհրդարանի նախագահը վստահեցրեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են կոռուպցիան, գործազրկությունն ու անարդարությունը վերացնելու համար ու կարեւորեց Սփյուռքի օգնությունը այդ հարցում:

Երկուշաբթի Հովիկ Աբրահամյանը հանդիպելու է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոյի եւ Լորդերի պալատի նախագահ Բարոնուհի Հայմանի հետ: Նրա այցն ու հանդիպումները կազմակերպել է բրիտանա-հայկական միջկուսակցական խորհրդարանական խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG