Մատչելիության հղումներ

Դատախազությունը լրացուցիչ տեղեկություններ է հրապարակում Տիգրան Փոստանջյանին ներկայացված մեղադրանքի առնչությամբ


Հայաստանի գլխավոր դատախազությունը լրացուցիչ մանրամասներ է հրապարակել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ:

Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչությունը, երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ լրացուցիչ տեղեկատվություն հրապարակելու անհրաժեշտությունն առաջացել է` «նկատի ունենալով վերջին շրջանում Տիգրան Փոստանջյանին առաջադրված մեղադրանքի շուրջ առաջացած հասարակական հնչեղությունը, տարաբնույթ ու սուբյեկտիվ մեկնաբանություններն ու շահարկումները»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, 2010 թվականի ընթացքում 3 դեպքով քաղաքացիներից պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրություն։

Նշվում է, որ Փոստանջյանը 192,000 դրամ վարձատրություն է ստացել Երեւանի Կոմիտասի 49/9 հասցեում «Սթար» սուպերմարկետի շինարարության նախագծում հայտնաբերված բացթողումներն անտեսելու համար, 40,000 դրամ` Շրջանցիկ թունել 21 հասցում գտնվող շինությունների վերաբերյալ այսպես կոչված «վաղեմության» տեղեկանք տրամադրելու համար, ինչպես նաեւ 100,000 դրամ` Կոմիտասի 23/1 շենքի 47 բնակարանում իրականացվող ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2011 թվականի փետրվարի 18-ին, ՀՀ քրեական օրենսգքի 3111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) հարուցվել է քրեական գործ, իսկ 25.02.2011թ. Տիգրան Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կրկին անգամ ապօրինի վարձատրություն ստանալու համար։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պնդում են, որ Տիգրան Փոստանջյանի հետ կապված պատմությունը քաղաքական ենթատեքստ ունի եւ նպատակ ունի ճնշում գործադրել «Ժառանգություն» կուսակցության, եւ, մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG