Մատչելիության հղումներ

Վարչապետը «հուսադրող» է որակում հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը


Վարչապետ Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյան
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին:

«Հուսադրող» տնտեսական ակտիություն


Նշելով, որ հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7 տոկոսով` վարչապետն այն որակել է «բավական հուսադրող»:

«Արդյունաբերությունում ունենք 5.7 տոկոսանոց աճ, շինարարությունը փոքր աճ է դրսեւորում, համենայն դեպս, կարեւոր է, որ անկում չկա նախորդ տարվա համեմատ: Առեւտրաշրջանառությունը գտնվում է նույն մակարդակի վրա, փոքր աճ ունենք: Էական` 24.3 տոկոսանոց աճ ունենք ծառայությունների ոլորտում, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմամբ», - մանրամասնել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ 2.3 տոկոս աճ է գրանցվել առեւտրաշրջանառության ոլորտում, եւ կարեւորել է այն հանգամանքը, որ արտահանումը շարունակում է «բավական բարձր տեմպերով աճել. նախորդ տարվա համեմատ այն աճել է 21 տոկոսով այն դեպքում, երբ ներմուծումը կրճատվել է մոտ 2 տոկոսով նախորդ տարվա համեմատ»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ տնտեսության այլ ոլորտներում նկատվող միտումներին՝ նշելով, որ աճի բարձր տեմպեր են արձանագրվում Լեռնահանքային արդյունաբերությունում` պայմանավորված միայն միջազգային գների բարձրացմամբ եւ ոլորտում անցած տարիներին կատարված ներդրումներով:

Վարչապետի խոսքով` սննդարդյունաբերությունում արձանագրվել է 8.9 տոկոսանոց աճ, խմիչքի բնագավառում` 11.6, դեղագործության ոլորտում` 34.8 տոկոս: 25 տոկոս աճ է արձանագրվել մետալուրգիայի ոլորտում:

Գնաճ եւ գյուղատնտեսություն

Որպես 2011թ. գերակա խնդիրներ` Տիգրան Սարգսյանը խոսել է բարձր գնաճի զսպման եւ գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին:

«2011թ. համար մենք երկու էական պրոբլեմ ենք ֆիքսում. բարձր գնաճը, որը մինչեւ տարեվերջ փորձենք կրճատել երկու անգամ` այսօրվա 12 տոկոսից հասցնելով մինչեւ 6 տոկոս, եւ կարեւորագույն գյուղատնտեսության ոլորտը», - նշել է վարչապետը` մանրամասնելով, որ մեծածավալ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսությունում:

«Ակնկալում ենք առնվազն 10 տոկոսանոց աճ, որն էապես կնպաստի նաեւ գնաճի զսպմանը, որովհետեւ այս 12 տոկոսանոց գնաճը նաեւ էականորեն պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2010թ. գյուղատնտեսությունում ունեցանք 13.5 տոկոսանոց անկում», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը` եւ թվարկել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաեւ պետական միջոցներով իրականացվող մի քանի ծրագրեր, որոնք պետք է օգնեն ոլորտում 10 տոկոս աճի ապահովմանը:

Վարչապետն իրատեսական է համարել նաեւ արդյունաբերության ոլորտում 10 տոկոս աճի ապահովումը` ընդգծելով, որ այդ նպատակով 2009-2010թթ. շուրջ 14 բիզնես ծրագրեր արժանացել են կառավարության հավանությանը, որոնց շրջանակում կատարվելիք մասնավոր ներդրումների ծավալը կկազմի 80 մլրդ դրամ:

Հարկային բարեփոխումներ եւ Doing business

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցման ուղղությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին:

«Եթե մենք կարողանանք 2011թ. հարկային եւ մաքսային վարչարարությունն էապես բարելավել, ապա նաեւ Doing business-ն էապես կբարելավի», - ասել է Տիգրան Սարգսյանն ու մանրամասնել. - «2011թ. հունվարից ուժի մեջ է մտել էլեկտրոնային հաշվետվությունների նոր համակարգը, եւ խոշոր բիզնեսն արդեն օգտվում է էլեկտրոնային հաշվետվություններից, ինչը նվազեցնում է ֆիզիկական շփումը հարկային աշխատողների հետ: Դեռեւս նոր ենք այս համակարգը ներդրել, բայց հույս ունենք, որ արդեն այս տարվա երկրորդ կեսից այն լայնածավալ կիրառում կստանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG