Մատչելիության հղումներ

Երկրաշարժն ու ցունամին «սարսափեցնող» էին


Ավերիչ ցունամին ճապոնական Միյագի նահանգում:
Ավերիչ ցունամին ճապոնական Միյագի նահանգում:

«Անգամ սեյսմիկ ցնցումներին սովոր Ճապոնիայի համար այսօրվա ավերիչ երկրաշարժն ու դրան հետեւած ցունամին սարսափեցնող էին», – փաստում են արեւմտյան լրատվամիջոցների թղթակիցները։ Զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի, կան բազմաթիվ վիրավորներ:

Նշենք, որ սա պաշտոնապես ամենաուժգին երկրաշարժն էր Ճապոնիայի պատմության մեջ՝ վերջին գրեթե 140 տարիների ընթացքում՝ 8.8-8.9 բալ։ Դրանով, սակայն, աղետը չի սահմանափակվել. մոտ երկու տասնյակ իրար հետեւած ցնցումներին հաջորդել է Խաղաղ օվկիանոսից սկիզբ առած հուժկու ցունամին, որն առաջին հերթին իր տակ է առել մեկ միլիոն բնակչությամբ Սենդայ քաղաքին ու ափամերձ շրջանները։

Ռազմական ուղղաթիռից կատարված նկարահանումներում պարզ երեւում է, թե ինչպես է տասը մետր բարձրությամբ ցունամին վայրկյանների ընթացքում սրբում-տանում մարդկանց, մեքենաները, տներն ու շինությունները։ Հզոր ալիքը նաեւ քշել ու դեպի օվկիանոս է տարել ճապոնական նավերից մեկը՝ հարյուր ուղեւորներով: Առայժմ նրանց ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում։

Վերջին տասնամյակների ամենահուժկու այս աղետը, որի ալիքները հասել են մայրաքաղաք Տոկիո, մարդկային կորուստներից ու ավերածություններից բացի, նաեւ ռադիացիայի հնարավոր վտանգ է առաջ բերել. աղետի գոտում առնվազն չորս ատոմակայան է գործում, բոլորն էլ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաղորդմամբ, դադարեցրել են աշխատանքը։

«Ռադիոացիայի արտահոսք չկա, սակայն մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զրագացման», - հայտարարել է Ճապոնիայի վարչապետը։

Բարդություններ իսկապես ի հայտ են եկել, մասնավորապես, ատոմակայաններից մեկում՝ Օնահամայի կայանում: Հետեւանքներից խուսափելու համար իշխանությունները սկսել են տարհանել ատոմային օբյեկտից առնվազն երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր մարդկանց։

Ատոմակայաններից բացի աղետը հարվածել է նաեւ արդյունաբերական այլ օբյեկտների. ցնցումներից մի քանի ժամ անց հուժկու պայթուն, ապա հրդեհ է բռնկվել Սենդայ քաղաքի նավթաքիմիական խոշոր գործարանում: Ավելի վաղ հրդեհ էր արձանագրվել նաեւ մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող նավթավերամշակման ձեռնարկությունում։

Առաջատար ընկերությունները՝ «Սոնի-ն, «Նիսան»-ը, «Տոյոտա»-ն, դադարեցրել են աշխատանքը այն արտադրամասերում, որոնք գտնվում են աղետի գոտում կամ հարակից շրջաններում։

Էապես տուժել են նաեւ հաղորդակցության միջոցները. հյուսիսային շրջաններում ավտոմայրուղիները ավերվել են, չեն աշխատում գնացքները, որոնք ամեն օր շուրջ 10 միլիոն մարդ էին տեղափոխում, փակ են նաեւ օդանավակայանները։

«Կոչ եմ անում սառնասրտություն ցուցաբերել», - դիմելով հայրենակիցներին` հայտարարել է վարչապետ Նաոտո Կանը՝ ընդգծելով, որ Կառավարությունը արտակարգ միջոցառումներ է ձեռնարկում աղետի հետեւանքները վերացնելու եւ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Աղետից տուժած երկրին օգնության ձեռք են մեկնել նաեւ գերտերություններն ու հարեւանները, այդ թվում՝պաշտոնական Տոկիոյի հետ վերջին շրջանում լարված հարաբերություններ ունեցող Ռուսաստանը։

Խաղաղօվկիանոսյան ողջ տարաաշրջանում ցունամիի վտանգ է հայտարարվել. հնարավոր աղետի են նախապատրաստվում Ավստրալիան, Միացյալ Նահանգները, Հարավային Ամերիկան։

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փորձագետները ահազանգում են, որ այն կարող է հատկապես աղետալի լինել զարգացող երկրների համար:

«Մենք դեռեւս չենք կարող կանխատեսել՝ ինչ բարձրություն կունենա ցունամին, երբ հասնի, օրինակ, Նոր Գվինեա, Ֆիլիպիններ, որտեղ չկան աղետին արձագանքելու համապատասխան միջոցներ ու մեխանիզմներ: Ցունամիի վտանգի առջեւ կանգնած տարածաշրջանը իսկապես ընդարձակ է, աղետը՝ անկանխատեսելի», - հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Սադիա Կաենզիգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG