Մատչելիության հղումներ

Վրաստանի հայերը պայքար են սկսում «հակահայ քարոզչության» դեմ


Վրաստանի հայերը որոշել են պայքար սկսել երկրի մի շարք լրատվամիջոցներում սկիզբ առած «հակահայ քարոզչության» դեմ:

Առիթը վրացական ITV.GE ցանցային պարբերականում մարտի 3-ին տեղադրված նյութն էր, որում պնդում կար, թե հայերի նպատակը Վրաստանի փլուզումն է:

Թբիլիսիի հայ համայնքի ակտիվիստներից Դավիթ Մանուսաջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է. - «Մենք բախվում ենք Թբիլիսիում գործող Ադրբեջանի դեսպանության շատ ակտիվ աշխատանքի հետ, որն աջուձախ գնում է փորձագետների, քաղաքական գործիչների եւ նրանց հանձնարարում է մեզ` հայերիս համար ոչ այնքան հաճելի բաներ ասել»:

Մանուսաջյանի խոսքով վրացական լրատվամիջոցներում հայտնվում են նմանատիպ քարոզչական հրապարակումներ, որոնցում երբեմն օգտագործվում են իբր հայերի կողմից արվող հակավրացական հայտարություններ: Նրա խոսքով, սակայն, այդ հայտարարությունները երբեւէ չեն հնչել, եւ իրականում, պարզունակ սադրանք են:

Վրաստանի մայրաքաղաքում գործող ամենաակտիվ հայկական կառույցներից մեկը` Թբիլիսիի հայկական ասամբլեան, նախատեսում է բրիֆինեգների շարք անցկացնել` նվիրված վրացական լրատվամիջոցներում հայտնված այս հրապարակումներին:

«Այդպիսի լրատվամիջոցները գիտակցաբար, թե` ոչ, հակահայ քարոզչություն են ծավալում` ամրապնդելով հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ ատելության հռետորաբանությունը», - նշված է Թբիլիսիի հայկական ասամբլեայի տարածած հայտարարության մեջ:

«Իրականում նման քարոզչությանը անհրաժեշտ է հակադարձել միայն նույնատիպ մեթոդներով` մերձեցնելով մեզ հասարակական կարծիքի մյուս առաջատարներին: Ցավոք սրտի, սակայն, մենք բավարար ռեսուրսներ չունենք, իսկ նրանք [ադրբեջանցիները] նավթադոլարներ ունեն», - նշում է Մանուսաջյանը` հավելելով, թե այս պարագայում միակ թույլ մխիթարանքը Վրաստանում ծավալված հակահայ քարոզչության ցածր որակն է:

«Այս քարոզչության արդյունավետությունն, իհարկե, շատ մեծ չէ: Այն շատ կոպիտ է ու չափազանցված բնույթ ունի: Կարծում եմ, որ խելամիտ քայլերով, օգտագործելով այդ քարոզչության կոպտություն ու ապաշնորհությունը, հնարավոր է հակադարձել դրան: Պետք չէ սակայն մոռանալ, որ հազար անգամ կրկնված սուտը, ի վերջո, ճշմարտություն է դառնում: Այսօր, օրինակ, Վրաստանում հանրային մտայնություն կա, թե հայերը Անդրկովկասում եկվորներ են, եւ այստեղ են հայտնվել երկու հազար տարի առաջ», - նշում է Մանուսաջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG