Մատչելիության հղումներ

Աղետալի երկրաշարժ Ճապոնիայում


Ճապոնիա – Տոկիոյի մոտակայքում այրվում է բնական գազի պահեստարան, 11-ը մարտի, 2011թ.
Ճապոնիա – Տոկիոյի մոտակայքում այրվում է բնական գազի պահեստարան, 11-ը մարտի, 2011թ.
Անգամ սեյսմիկ ցնցումներին սովոր Ճապոնիայի համար այսօրվա ավերիչ երկրաշարժն ու դրան հետեւած ցունամին սարսափեցնող էին, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալության թղթակիցը Տոկիոյից։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, երկրաշարժի հզորությունը կազմել է 8.9 մագնիտուդ` ամենաուժգինը վերջին 140 տարիների ընթացքում։

Հաջորդաբար 19 ցնցում է տեղի ունեցել, որին հետեւել է Խաղաղ Օվկիանոսից սկիզբ առած հուժկու ցունամին: 10 մետր բարձրություն ունեցող ալիքը առաջին հերթին հարվածել է շուրջ 1 միլիոն բնակչություն ունեցող Սենդայ քաղաքին ու ափամերձ շրջաններին:

Ուղղաթիռից կատարված նկարահանումներում երեւում է, թե ինչպես է ցունամին վայրկյանների ընթացքում սրբում-տանում ճանապարհին հանդիպած մարդկանց, մեքենաները, տներն ու շինությունները։

Ճապոնական Սենդայ քաղաքում, որը գտնվում է երկրի խաղաղօվկիանոսյան ափին, հայտնաբերվել են երկրաշարժից զոհվածների շուրջ 300 դիակներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաջողվել է մարել երկրի արեւելքում գտնվող ատոմակայաններից մեկում բռնկված հրդեհը:

Երկրաշարժի արդյունքում նաեւ խոշոր հրդեհներ են բռնկվել: Կրակը մոլեգնում է Տոկիոյի արեւելքում տեղակայված նավթավերամշակման ձեռնարկությունում, տուժել է նաեւ Իթիհարա քաղաքում գտնվող գազի պահեստարանը:

Կառավարության որոշմամբ աղետի գոտում գտնվող հինգ ատոմակայանները անմիջապես դադարեցրել են աշխատանքը: Պաշտոնյաները հավաստիացնում են, որ ռադիացիայի արտահոսք չի գրանցվել: Տոկիոյում եւ հարակից շրջաններում մոտ 4 միլիոն շինություն զրկված է էլեկտրականությունից:

«Կոչ եմ անում սառնասրտություն ցուցաբերել», - դիմելով հայրենակիցներին հայտարարել է վարչապետ Նաոտո Կանը՝ ընդգծելով, որ կառավարությունը արտակարգ միջոցառումներ է ձեռնարկում աղետի հետեւանքները վերացնելու եւ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար։

Աղետի էպիկենտրոն են գործուղվել ո փրկարարական ջոկատներ եւ զինվորական ստորաբաժանումներ: Աղետից տուժած երկրին օգնության ձեռք են մեկնել նաեւ հարեւանները, այդ թվում՝ պաշտոնական Տոկիոյի հետ վերջին շրջանում լարված հարաբերություններ ունեցող Ռուսաստանը։

Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աղետի գոտի է գործուղել 30 միջազգային փրկարարական ջոկատներ։

Ավերածություններ Ճապոնիայում
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG