Մատչելիության հղումներ

Մարտի 11-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը քննադատում է Հայաստանում Եվրամիության գրասենյակի ղեկավար Ռաուլ Լյուցենբերգերին: Չորեքշաբթի օրը տեղի ունեցած քննարկումների ժամանակ դեսպան Լյուցենբերգերն ասել է, որ մեր երկրում «Եվրոպական հարեւանության ծրագիրն արձանագրել է իրական հաջողություններ»: Ըստ նրա` Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել ներքին բարեփոխումների տեսանկյունից: «Միգուցե դա այնքան էլ տեսանելի չէ, սակայն ակնհայտ է, որ լուրջ աշխատանք է կատարվել», - նշել է Եվրամիության ներկայացուցիչը: «Ինչո՞ւ այդքան համեստ, պարոն դեսպան: Շատ լավ էլ տեսանելի է: Մարդիկ նստած են բանտերում իրենց քաղաքական գործունեության համար, փողոցում ոստիկանները պատգամավորների են ծեծում, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխության հետեւանքով հեռուստաընկերությունների քանակը եթերում քչացել է, մեկ այլ «եվրոպամետ» օրինագծի` «վիրավորանքի եւ զրպարտանքի ապաքրեականացմամբ» օլիգարխները հսկայական գումարներ են շահում թերթերից: Այդ բոլորի շնորհիվ մենք զգում ենք, թե ինչպես օրեցօր ավելի մոտ ենք դառնում Եվրոպային: Այնպես որ, հաջողությունները ավելի քան ակնառու են: Խոստովանեմ, որ ես լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «եվրոպական հարեւանություն»: Բայց դատելով պարոն Լյուցենբերգերի գնահատականներից` դա մի բան է, որ մեր իշխանությունների սրտով է», - հեգնում է «Առավոտ»-ի խմբագիրը:

Գնահատելով Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այն աժիոտաժը, որ առաջ եկավ հարեւան Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ, վկայում է, որ կատարվել է ճշգրիտ ու հեռանկարային քայլ։ Վերջին 1,5 տասնամյակում թեպետ աշխարհի առաջատար երկրներում ստեղծվել են Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական ներկայացուցչություններ, բայց Լեռնային Ղարաբաղը աստիճանաբար հայտնվել է Ղարաբաղյան բանակցային գործընթացի ողջ բեռն իր վրա վերցրած Հայաստանի ստվերում, ինչից էլ վարպետորեն օգտվել է ադրբեջանական կողմը։ Ուստի բավական էր գոնե մի անգամ հիմնավորապես խախտել այս տխուր ավանդույթը եւ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը Փարիզ, որպեսզի Ադրբեջանում «իրար խառնվեն»՝ բացահայտելով, մի կողմից, սեփական անհանգստությունը, մյուս կողմից՝ «փաստարկումների» սնանկությունը։ Բակո Սահակյանի այցը Փարիզ նշանավորվեց Ղարաբաղի հարցով ֆրանսիական դիվանագիտության կատարած լուրջ հստակեցումներով, որոնց համար արժե այսօրվանից մտածել աշխարհի առաջատար երկրների մայրաքաղաքներում Լեռնային Ղարաբաղի ղեկավարի հանդիպումների ու բանակցությունների նոր երթուղիների մասին»։

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբանն անդրադառնում է նախօրեին Կառավարությունում քննարկված առաջարկությանը, ըստ որի Կառավարությանը հնարավորություն է ընձեռվելու միջամտել` եթե առաջին անհրաժեշտության մի շարք սննամթերքների մանրածախ գները 30 եւ ավելի օրերի ընթացքում 30 եւ ավելի տոկոսով աճեն: Թերթը գնահատում է. - «Նախագծի տրամաբանությունը, իհարկե, անհեթեթ է, եւ դա կարելի է ապացուցել մի քանի անպատասխան հարցերի շարանով: Մասնավորապես, եթե շաքարի կամ կարագի գինը բարձրանա ոչ թե 30, այլ 29.9 տոկոսով, ապա ինչ է անելուԿառավարությունը: Կամ եթե ապրանքը թանկացավ ոչ թե 30 օրվա ընթացքում, այլ 31 օրվա, ապա ինչ է անելու Կառավարությունը: Եթե, ասենք, ցորենի գինը միջազգային շուկայում միանգամից բարձրանա 50 տոկոսով, ի՞նչ պետք է անեն ցորեն ներկրողները, չներկնե՞ն»: Այս նախագծի շրջանառման կապակցությամբ «Հայկական ժամանամ»-ը գրում է. - «Իշխանությունը –պատրաստվում էգնաճային լուրջ իրադարձության, եւ դա կարող է լինել դրամի փոխարժեքի կտրուկ անկումը: Եթե Կառավարությունը որոշի ազատ թողնել դրամի փոխարժեքը, ապա այն կարող է արժեզրկվել ավելի քան 30 տոկոսով: Այսինքն` մի օր առավոտյան մեկ դոլարի գինը կարող է հասնել 480-500 դրամի: Եթե այդպիսի բան տեղի ունենա, ապա ներկրվող բոլոր ապրանքները, նաեւ` նախագծում ներկայացվածների մեծ մասի գինը դրամով արտահայտված աճելու է ճիշտ այնքանով, որքանով արժեզրկվելու է դրամը: Եվ այդ դեպքում Կառավարությունը գին սահմանալու լիազորություններով պետք է փորձի կանխել գների չափից ավելի աճը»:

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. - «Միջազգային կազմակերպությունների իրականացրած հետազոտությունների համաձայն Հայաստանը 139 երկրների շարքում ներքին մրցակցության մակարդակով զբաղեցնում է 136-րդ, իսկ հակամենաշնորհային օրենսդրության արդյունավետության մակարդակով` 138-րդ տեղը: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանում ներքին մրցակցություն ընդհանրապես չկա, իսկ հակամենաշնորհային օրենքներն ընդամենը թղթի կտորներ են, որոնց վրա բոլորը թքած ունեն… Հարց է ծագում, բա եթե չեն կիրառվում, ինչո՞ւ են ընդունվել: Պատասխանը պարզ է. ընդունվել են նույն այդ միջազգային հանրության աչքին «պուպուշ» երեւալու համար: Ու հիմա նրանք բաց տեքստով ասում են, որ այլեւս «հարիֆ չկա», իրենք չեն հավատում իշխանությունների խոսքերին: Կարծում ենք ճիշտ ժամանակն է, որ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարի Հայաստանի դեմ «միջազգային մութ ուժերի դավադրության մասին»:
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG