Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննություն անցկացնելու` միջնորդների նախաձեռնությունը


Արձագանքելով նախօրեին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը` Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, ասել է, որ շփման գծից դիպուկահարների դուրս բերումը թույլ կտա խուսափել միջադեպերից եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգությունն էին հայտնել մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից առաջ եւ հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումների կապակցությամբ:

Միջնորդները նշել էին, որ իրենք խնդրել են ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին անհապաղ հետաքննություն անցկացնել բոլոր կողմերի մասնակցությամբ, եւ տեղեկացրել էին, որ գալիք շաբաթ կմեկնեն տարածաշրջան` կոչ անելու կողմերին լիարժեքորեն համագործակցել անցկացվելիք հետաքննությանը:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս նախաձեռնությունը», - ասել է ԱԳՆ-ի խոսնակը` ու հավելել. - «Հայաստանի եւ Ղարաբաղը բազմիցս դրական են արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահների կոչերին՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, ինչը թույլ կտա խուսափել նմանատիպ միջադեպերից եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել հիմնախնդրի կարգավորման գործընթացում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG