Մատչելիության հղումներ

ԼՂ Պաշտպանության բանակը հերքում է հայկական ուժերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության մասին տեղեկատվությունը


«Հայկական ուժերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության մասին Բաքվի լրատվամիջոցների կողմից մարտի 8-ին տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը», - չորեքշաբթի օրը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն ադրբեջանական ուժերի (որոնք մարտի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 150 անգամ), ինչպես երեկ, այնպես էլ դրան նախորդած օրերին ոչ միայն չեն դիմել որեւէ նախահարձակ քայլի, այլեւ անհարկի չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին», - ասված է ՊԲ հաղորդագրության մեջ, - «Կասկածից վեր է, որ այդքանից հետո, Օրթա Քարվենդ գյուղի 8-ամյա, թե 10-ամյա (չգիտես ինչու, ադրբեջանական աղբյուրներն այդպես էլ չեն կարողանում հստակ ներկայացնել տուժվածի տարիքը) բնակիչ Ֆարիզ Բադալովի սպանության մեղքը բարդելով հայկական կողմի վրա, պաշտոնական Բաքուն բացառապես հետապնդում է քարոզչական նպատակ»:

Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը երեխայի սպանության վերաբերյալ` Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը ասել է, որ այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան «փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG