Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կշարունակի մասնակցել ԱԺ-ի աշխատանքներին


«Ժառանգության» պատգամավորները
«Ժառանգության» պատգամավորները
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը բացառում է խմբակցության մանդատները վայր դնելու հնարավորությունը:

«Մենք մանդատներից հրաժարվելու մասին խոսք չենք ասել, դրանք եղել են լրագրողական վերլուծական հարցադրումներում հանդիպող բառեր, այսպես ասենք, հեռուն գնացող վերլուծություններ, որոնց համար մենք չենք կարող պատասխանատվություն կրել», - ասաց Ստյոպա Սաֆարյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Ժառանգության» մանդատները վայր դնելու որոշման հավանականությունն ուշադրության կենտրոնում է փետրվարի 28-ից, երբ խորհրդարանի նիստերը բոյկոտելուց հետո կուսակցությունը նույն օրը խորհրդի նիստ հրավիրեց, ապա որոշեց կուսակցության հետագա ռազմավարությունը հստակեցնել մարտի 6-ին` խորհրդի ընդլայնված նիստում: Մարտի 6-ին էլ «Ժառանգության» անդամները որոշեցին հարցի քննարկումը հետաձգել մինչեւ մարտի 13-ը:

Սաֆարյանը հայտարարեց, թե կուսակցությունը շարունակելու է մասնակցել խորհրդարանական աշխատանքներին:

«Իհարկե, մասնակցելու ենք: Ոչ միայն չենք զրկվի այն բոլոր ռեսուրսներից, որ ունենք մենք, որոնք մենք վաստակել ենք մեզ տրված քվեի շնորհիվ, այլ նաեւ մտածելու ենք մեր հնարավորությունները ավելացնելու մասին», - ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը վկայակոչեց քաղաքացիների տարբեր բողոքի ակցիաներին, այդ թվում բացօթյա առեւտրի արգելմանն ընդդիմացողներին միանալու պատրաստակամության հանգամանքը, որի կապակցությամբ գնահատական հնչեցրեց ԱԺ-ի Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նա համադրեց մարտի 3-ին «Ժառանգության» պատգամավորների հետ կապված միջադեպի ժամանակ ոստիկանների պահվածքը մարտի 1-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ոստիկանների պահվածքի հետ:

«Շատ հետաքրքիր է` ինչպես է ստացվում, որ ցանկացած բողոքի ակցիա, փոքրիկ երթ, որտեղ «Ժառանգության» ներկայացուցիչները լինում են, անպայման վերջանում են բախումներով ոստիկանության հետ: Ընդհակառակը` ոստիկանության եւ ընդդիմության լիդերների միջեւ, երբ ամբողջ ահռելի զանգվածը հավաքվում է, բավականին վտանգ է պարունակում, եւ զարմանալիորեն ոչ մի բան չի լինում», - կարծիք հայտնեց Հարությունյանը:

Սաֆարյանը այսպես հակադարձեց Հանրապետական պատգամավորի պնդումներին. - «Ես չգիտեմ «Ժառանգության» պատգամավորները ինչպիսի էֆեկտ են թողնում ոստիկանության վրա, ինչու են այդպես կատաղում, ինչպես, ասենք, իսպանական ցուլը կտեսնի կարմիր կտորը»:

«Ժառանգության» պատգամավորները Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած իրադարձության կապակցությամբ արդեն Հատուկ քննչական ծառայություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին:

Պատգամավորները նաեւ կարծիքներ հայտնեցին ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ առաջադրած մեկ տասնյակից ավելի պահանջների եւ իշխանության անելիքների վերաբերյալ:

«Իշխանությունները պետք է ավելի շուտ պատասխան տան հասարակության մեջ կուտակված այն հարցերին, որոնք արտահայտվում են ընդդիմության շուրթերով: Բայց ես այն կարծիքին եմ, որ հարցերը ավելի շատ դրական կլուծվեն, եթե գործընթացը երկխոսության միջոցով ընթանա», - ասաց Հարությունյանը:

Սաֆարյանն էլ ասաց. - «Եթե ՀԱԿ-ը ներկայացնում է 15 կետ եւ ասում է, որ այս 15 կետերից զգալի մասի բավարարման դեպքում պատրաստ է մտնել երկխոսության մեջ, ապա սա կարող է քննակվել իբրեւ մեղմացում: Բայց մյուս կողմից այնտեղ կա հրաժարականների մի ամբողջ շարք, որոնց բավարարումը գոնե ես չեմ պատկերացնում որպես փորձագետ, չասեմ քաղաքական ուժի ներկայացուցիչ, եւ նաեւ վերջում կետ կա, որ պիտի բանակցեն Սերժ Սարգսյանի հետ նոր ընտրություններ կազմակերպելու շուրջ, սա մի տեսակ փակուղային իրավիճակ է»

Հարությունյանը հակադարձեց` ասելով, թե իրեն զարմացրեց Սաֆարյանի պատասխանը. - «Որովհետեւ այդ երկխոսությունը պետք է առաջին հերթին ընդդիմության տարբեր թեւերի մեջ լինի»:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG