Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստը պահանջում է ներողություն խնդրել իրենից


Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստը դիմել է դատարան` պահանջելով Հայաստանի Ոստիկանությանը ներողություն խնդրել իրենից: 2009-ի հուլիսին ձերբակալված, շուրջ 9 ամիս քրեական հետապնդման ենթարկված, այնուհետեւ 2010-ի ապրիլին արդարացված Տիգրան Առաքելյանը Հայաստանի Կառավարությունից էլ պահանջում է հատուցել իր կրած բոլոր վնասները:

«Դատարանի որոշումը ունեմ` ես անմեղ եմ, մեղադրանքը փաստորեն անհիմն է եղել, եւ ես այսօր պահանջում եմ` այն բոլոր մեղավորները, ովքեր ինձ ապօրինի ծեծեցին, առողջությանս վնաս պատճառեցին, կալանավորեցին, 9 ամիս քրեական հետապնդման ենթարկեցին, ինձնից գրավոր ներողություն խնդրեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Առաքելյանը:

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր 2009-ի հուլիսի 5-ին ՀԱԿ հանրահավաքի նախօրեին իրազեկման թռուցիկներ բաժանելու ժամանակ քաղաքացիական հագուստներով անձանց հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Նա սկզբում խուլիգանության մեջ էր մեղադրվում, հետո մեղադրանքը «ծանրացվեց» ու գումարվեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, որի համար առավելագույն պատժաչափը 10-ը տարվա ազատազրկումն է: Երիտասարդը 94 օր մնաց անազատության մեջ, չնայած պաշտպանական կողմի այն պնդումներին, որ Տիգրանի առողջական վիճակը վատանում է: Տիգրան Առաքելյանին հոկտեմբերին չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեցին, դեկտեմբերին հարուցված քրեական գործը կարճվեց` «ապացույցների անբավարարության հիմքով»: Պաշտպանական կողմի բողոքարկումից հետո 2010-ի ապրիլին դատարանը որոշեց, որ Առաքելյանի գործողություններում հանցակազմ չի եղել եւ պարտավորեցրեց քննիչին ` քրեական գործը կարճել` «հանցակազմի բացակայության հիմքով»: Տիգրան Առաքելյանը քրեական հետապնդման ենթարկված ընդդիմադիրներից միակն է, ով այդ հիմքով արդարացվեց:

ՀԱԿ ակտիվիստը պահանջում է, որպեսզի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրապարակավ ներողություն խնդրի իրենից իր անազատության մեջ գտնվելու շրջանում` 2009-ի օգոստոսի 21-ի մամուլի ասուլիսում հնչեցրած հրապարակային հայտարարությունների համար, որոնցում պնդել էր, թե Առաքելյանը «ձեռք է բարձրացրել ոստիկանի վրա»:

«Իսկ ինչո՞ւ չպիտի ձերբակալեին, ինչո՞ւ, որ Տիգրան Առաքելյանն էր, դրա համար պիտի չձերբակալեի՞ն, որ առաջին դեպքը չէր, դրա համար պիտի չձերբակալեի՞ն, որ իր մոտ մշակված ձեւ էր ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը: Տիգրան Առաքելյանը արդեն 3-րդ անգամ ոստիկանի վրա ձեռք բարձրացրեց», - հայտարարել էր ոստիկանապետը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ոստիկանապետը վրեժ էր լուծում ՀԱԿ ակտիվիստից:

Առաքելյանը նաեւ առաջ է քաշում Կենտրոնականի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ներողություն խնդրելու անհրաժեշտությունը` եզրակացնելով, որ նա է իրավիճակի վերաբերյալ զեկուցել վերադասին` Հայաստանի ոստիկանապետին, որն էլ շտապել է իր հրապարակային հայտարարություններում:

«Զենքով, որ հարվածը ստացել էի, մենք 3 հոգով հիվանդանոցում հայտնվեցինք: Աշոտ Կարապետյանը անձամբ մտավ, եկավ ռեանիմացիայի բաժանմունք եւ ասաց` մեջներից չափահասը դու ես, դատվելու ես: Այսինքն, ինքը դեռ չգիտեր, թե ինչ է կատարվում, չգիտեր` ինչ է եղել, բոլորի ներկայությամբ ասաց, որ դու դատվելու ես», - պատմում է Տիգրան Առաքելյանը:

Կենտրոնականի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այս պնդումները.- «Դրանք հերյուրանք են, նման բան չի ասվել, ընդհանրապես հիվանդանոցում իրենց հետ խոսակցություն չի եղել: Ես իրենց հետ հարցազրույց չեմ ունեցել»:

Աշոտ Կարապետյանն ասաց, որ դատարանում կպատասխանի իրեն հասցեագրված պնդումներին: Հայաստանի Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ «որպես իրավապահ կառույց` ողջունում են հարցերը դատական կարգով ու օրենքի շրջանակներում լուծելու քաղաքացիների քայլերը եւ իրենց խոսքը դատարանում կասեն»:

please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG