Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներում կրակահերթերը շարունակվում են` այդ թվում եւ այն շրջաններում, որոնք Մուամար Քադաֆիի առանձնատանն են հարում:
Այդ երկրի իշխանությունները վստահեցնում են, որ կրակում են Քադաֆիին հավատարիմ զինվորները` Ռաս Լանուֆ նավահանգստում ապստամբերին հաղթելու կապակցությամբ, սակայն ընդդիմությունը հայտարարում է, որ Ռաս Լանուֆը իրենց վերահսկողության տակ է:
Տեղեկություններ են ստացվում Քադաֆիի կողմնակիցների կողմից ապստամբների հրթիռակոծման մասին:
Միջազգային հանրությունը մտավախություն է հայտնում, որ Լիբիայում ընդհարումները կարող են քաղաքացիական պատերազմի վերածվել եւ ձգվել մի քանի ամիս:
«Ռոյթերզ» գործակալությունը փոխանցում է Լիբիայի պետական հեռուստատեսության հայտարարությունը, որի համաձայն` հարկերից ազատվում են առաջին անհրաժեշտության մթերքների արտադրությունը, օգտագործումն ու ներմուծումը: