Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը արգելեց մարտի 17-ի հանրահավաքը անցկացնել Ազատության հրապարակում


Ազատության հրապարակ
Ազատության հրապարակ
Երեւանի քաղաքապետարանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) հերթական անգամ արգելել է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչը օրերս իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան` մարտի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ մերժումը հիմնավորվում է նրանով, թե մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ որոշումները կայացվել են ավելի վաղ` փետրվարի 23-ին եւ մարտի 2-ին: Քաղաքապետարանը ՀԱԿ-ին առաջարկել է հանրահավաքը անցկացնել Մատենադարանին հարող տարածքում եւ թույլատրել է հանրահավաքից հետո նախատեսվող երթը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու Ազատության հրապարակում մարտի 15-ից, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը պատասխանեց, թե քանի որ օրը [մարտի 5-ը] աշխատանքային չէ, ինքը չի կարող քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում նշվածից ավելին ասել: Նա խորհուրդ տվեց երկուշաբթի օրը դիմել քաղաքապետարանի մշակույթի վարչություն:

Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծելով, որ քաղաքապետարանը ավելի քան 40 անգամ մերժել է ու շարունակում է մերժել հանրահավաք անցկացնելու ՀԱԿ-ի իրազեկումները, շարունակեց. - «Պատճառը, այսպես ասենք` ջրի երեսին է. դա այն խուճապն է այլեւս` նախորդ ապօրինություններին ավելացած նաեւ այս վարչախմբի խուճապն է, որի սկիզբը դրվեց մարտի 1-ի բազմամարդ հանրահավաքով: Նրանք օգտագործեցին ամբողջ պետական ադմինիստրատիվ, իրավապահ ռեսուրսը, որպեսզի խափանեն մարտի 1-ի միջոցառումը, որպեսզի այն չլինի բազմամարդ, այն չլինի հզոր, եւ ուղղակի կատարելապես ձախողվեցին, եւ այս խուճապն է, որ նրանց հերթական անգամ մղել է նման որոշման, որը, բացի քաղաքական բովանդակությունից, նաեւ ապօրինի է»:

Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշման վերաբերյալ Մուսինյանը հայտարարեց. - «[Քաղաքապետարանի] այդ որոշումները այլեւս մեզ համար նշանակություն չունեն»:

Երեւանի քաղաքապետարանը շուրջ երեք տարի տարբեր պատրվակներով մերժում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու` Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները:

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո հրապարակը երկու տարի փակ էր ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման պատճառով:

Կայանատեղիի կառուցման ավարտից հետո էլ քաղաքապետարանը սկսեց մերժել ընդդիմության շարունակաբար ներկայացրած իրազեկումները, որովհետեւ հրապարակում տարբեր միջոցառումներ էին տեղի ունենում. հուշանվերների բացօթյա տոնավաճառ էր անցկացվում, ամանորյա հանդիսությունների փորձեր, հանդիսություններ եւ այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG